Միացյալ Նահանգները չի պատրաստվում զորքեր ուղարկել Իրան՝ Ճապոնիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկնել է Դոնալդ Թրամփը: «Եթե նման բան ցանկանայի անել, ձեզ անշուշտ չէի ասի։ Բայց այդպիսի մտադրություն չունենք»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ նախագահը նաև բարձր է գնահատել այն փաստը, որ Տոկիոն աջակցում է Վաշինգտոնին Իրանի հարցում և մեծացնում իր կարողությունները: «Ի տարբերություն ՆԱՏՕ-ի»,- շեշտել է Թրամփը։ Նա տեղեկացրել է, որ զգուշացրել է Բենիամին Նեթանյահուին իրանական նավթագազային օբյեկտների թիրախավորման անթույլատրելիության մասին, և Իսրայելը խոստացել է դադարեցնել նման հարվածները: Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին էլ հայտարարել է, որ «միայն Թրամփը կարող է խաղաղություն հաստատել աշխարհում»։
Իրանի շուրջ զարգացումներին է անդրադարձել Բենիամին Նեթանյահուն՝ հաստատելով, որ Վաշինգտոնը տեղյակ չի եղել իրանական էներգետիկ ենթակառուցվածքին իսրայելական հարվածի մասին: Իսրայելի վարչապետը նշել է, որ Դոնալդ Թրամփի խնդրանքով այլևս չեն թիրախավորի Իրանի հանքավայրերը: Նեթանյահուն հավելել է, որ Իսլամական Հանրապետությունն արդեն չունի ուրան հարստացնելու կամ բալիստիկ հրթիռներ արտադրելու կարողություն, իսկ իրենք շարունակում են պայմաններ ստեղծել, որ իրանցի ժողովուրդը կարողանա ավելի լավ ապագա կերտել։ Նա նաև չի բացառել Իրանում ցամաքային գործողության հնարավորությունը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: