Իրանից հայտարարել են հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածների նոր ալիքի մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալով՝ թիրախավորվել են ԱՄՆ զինված ուժերի հետ կապված օբյեկտներ: Պայթյուններ են որոտացել Թել Ավիվում, Իսրայելի Հայֆա նավահանգստային քաղաքում, Երուսաղեմում, նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում: Իրանի զինված ուժերը նախազգուշացրել է՝ երկրի դեմ ագրեսիայի հետ կապ ունեցող ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաները այլևս որևէ վայրում չեն կարող իրենց անվտանգ զգալ: Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի անունից էլ հայտարարություն է տարածվել, որի համաձայն՝ Իրանն ավելի ուժեղ է, քան թշնամին պատկերացնում է: Մոջթաբա Խամենեին կոչ է արել իրանցիներին չտրվել ապատեղեկատվական մեդիա-արշավներին: Նա մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի և տարածաշրջանի միջև թշնամություն հրահրելու փորձի համար: Խամենեին նաև հերքել է Թուրքիային և Օմանին հարվածելու համար Թեհրանին ներկայացվող մեղադրանքները:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել է Իրանի խորքում հարվածների մասին: Իսրայելն էլ հայտարարել է Թեհրանից արևելք գտնվող կառավարական օբյեկտներին զանգվածային հարվածների վերաբերյալ։ Տեղեկություններ կան ավիահարվածի հետևանքով ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի սպանության մասին։
Մեկնաբանելով Իրանի շուրջ զարգացումները՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում զորքեր ուղարկել Իրան: Նա հավելել է, որ զգուշացրել է Բենիամին Նեթանյահուին իրանական նավթագազային օբյեկտների թիրախավորման անթույլատրելիության մասին, և Իսրայելը խոստացել է դադարեցնել նման հարվածները: Սպիտակ տան ղեկավարը նաև դատապարտել է ՆԱՏՕ-ին՝ Իրանի դեմ պայքարում և Հորմուզի նեղուցի բացման հնարավոր գործողություններում ԱՄՆ-ին չմիանալու համար: «Վախկոտնե՛ր: Մենք ոչինչ չենք մոռանա: Առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ն թղթե վագր է», - նշել է Թրամփը:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան