Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի նոր լսարանի պաշտոնական բացումը Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտում։ Այս մասին հայտնում է հիմնադրամը։
«Բացման արարողությանը ներկա էին հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ծրագրային թիմը և հրավիրյալ հյուրեր։
Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը շնորհակալություն հայտնեց ծրագրի ղեկավար Թագուհի Միրզախանյանին և գիտական ղեկավար Հայկ Սարգսյանին՝ ընդգծելով, որ այս փուլին հասնելը երկարատև ու հետևողական աշխատանքի արդյունք է և կարևոր քայլ Հայաստանի գիտական ներուժի զարգացման ճանապարհին։
Այսուհետ ծրագրի ուսանողներն ու գիտական համայնքը կունենան ժամանակակից, տեխնիկապես հագեցած, լուսավոր և լիարժեք կահավորված լսարան՝ գիտելիք ստեղծելու և զարգացնելու համար։
Հիշեցնենք, որ 2025թ հուլիսի 3-ին Աննա Հակոբյանի և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում ծրագիրն իրականացվում է համատեղ ուժերով։
Այսօր արդեն ունենք 21 շրջանավարտ և 7 ուսանող, ովքեր բազմաթիվ գիտական հոդվածների համահեղինակ են։ Իսկ գալիք ուսումնական տարվա համար արդեն կան 20 հետաքրքրված տաղանդավոր երիտասարդներ և մեծահասակներ, ովքեր փափագում են դառնալ մեր ծրագրի շահառու»,- ասվում է հաղորդագրության մեջ: