Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոլորտի ներկայացուցիչներին և գործընկերներին։
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ անտառագետներ, անտառապահներ, բնապահպաններ և ոլորտի գործընկերներ,
Մարտի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Անտառների միջազգային օր, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ նաև որպես անտառագետի օր։
Այս կարևոր օրը ևս մեկ առիթ է գնահատելու անտառների կենսական նշանակությունը մեր երկրի կայուն զարգացման, կենսաբազմազանության պահպանության և կլիմայական փոփոխությունների մեղմման գործում, ինչպես նաև արժևորելու այն մարդկանց նվիրումը, ովքեր իրենց աշխատանքով պահպանում և վերականգնում են մեր անտառային հարստությունը։
Անտառները ոչ միայն բնական ռեսուրս են, այլև մեր ազգային անվտանգության, էկոլոգիական հավասարակշռության և ապագա սերունդների բարեկեցության հիմնասյուներից մեկը։ Այս գիտակցությամբ պետությունը հետևողականորեն ընդլայնում է անտառվերականգնման և անտառպատման աշխատանքների ծավալները։
2025 թվականի ընթացքում պետական բյուջեի միջոցներով իրականացվել են անտառվերականգնման և անտառպատման աշխատանքներ շուրջ 260 հեկտար տարածքում, որոնցից 170 հեկտարում հիմնադրվել են անտառմշակույթներ, իսկ 90 հեկտարում կատարվել է բնական վերաճի օժանդակում՝ ցանքսի միջոցով։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները ընդգրկել են շուրջ 474 հեկտար տարածք։
Բացի այդ, վնասի հատուցման պայմանագրերի շրջանակում այլ կազմակերպությունների միջոցներով անտառպատում է իրականացվել ավելի քան 24 հեկտարում։
Հատկանշական է նաև տնկանյութի արտադրության աճը․ փակ արմատային համակարգով աճեցվել է շուրջ 1 միլիոն սերմնաբուսակ։ Համայնքների կանաչապատման խթանման նպատակով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվել է ավելի քան 25 000 տնկի։
Միևնույն ժամանակ շուրջ 9000 հեկտար անտառածածկ տարածքներում իրականացվել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումներ։
Այս բոլոր աշխատանքները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունը հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն։
Սիրելի՛ անտառագետներ,
Ձեր մասնագիտական նվիրվածությունը, պատասխանատվությունը և ամենօրյա աշխատանքը անգնահատելի են։ Ձեր շնորհիվ պահպանվում և վերականգնվում է մեր երկրի բնական ժառանգությունը։
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ։
Թող մեր համատեղ ջանքերով Հայաստանի անտառները շարունակեն աճել, ամրապնդվել և ծառայել մեր ժողովրդի ու պետության բարօրությանը»։