«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձը՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված 41-ամյա Գասպար Պողոսյանը, դեկտեմբերի 3-ին՝ առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, Մաշկաբանության ազգային կենտրոնից դիմել է փախուստի:
Նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բժշկական հետազոտաման նպատակով էին տեղափոխել կենտրոն։ Ինչպե՞ս է հաջողեցրել փախչել կալանավորը, երբ պահպանության երեք ծառայող հսկողություն էր իրականացնում, մանրամասնում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի պետը:
Արմեն Խաչիբաբյան (Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի պետ) - Այդ անձնավորությունը բուժումն ստանում էր տվյալ կենտրոնի 4-րդ հարկում, բայց դեպքը տեղի է ունեցել 2-րդ հարկի սանհանգույցից, ըստ նախնական տվյալների, խոսք է եղել տաք ջրի հետ կապված խնդիրների մասին, 4-րդ հարկում տաք ջուր չի եղել և տեղափոխել են 2-րդ հարկ:
Կալանավորը մտել է 2-րդ հարկի լոգարան՝ լոգանք ընդունելու պատրվակով։ Քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակիցները մնացել են դռան մոտ, ապա, երբ հասկացել են, որ նա չի արձագանքում, բացել են լոգարանի դուռը, բայց կալանավորին տեղում չեն հայտնաբերել: 2-րդ հարկի պատուհանից 41-ամյա տղամարդը թռել է առաջին հարկի ծածկի վրա ու հեռացել:
Հարցին՝ ինչպե՞ս է կարողացել կալանավորը խաբել պահպանության ծառայության երեք աշխատակցի, Արմեն Խաչիբաբյանը պատասխանում է՝ կալանավորը օգտվել է ծառայողների անուշադրությունից, իսկ նրանք թերացել են աշխատանքում:
Փախուստն արձանագրել են բժշկական կենտրոնի տեսախցիկները: Ըստ տեղեկությունների՝ գողության համար մեղադրվող անձը հիվանդանոցի հարակից տարածքից փախուստի է դիմել «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով:
Գարիկ Թարոյան (Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության գլխավոր օպեր) - Նույն օրը՝ կես ժամ անց, տեղեկություն ստացվեց, որ տվյալ անձը գտնվում է իր բնակության վայրում՝ Արարատի մարզի Նոյակերտ գյուղում, անմիջապես խմբերով տեղափոխվել ենք Արարատի մարզ, որտեղ տեղում նորից տեղեկություն ենք ստացել, որ տվյալ անձը ոչ թե գտնվում է Նոյակերտ գյուղում, այլ հարակից Ավշար գյուղում՝ գինեգործարանի հետնամասում, գնացքի երկաթուղու դաշտային հատվածում՝ վայրէջքում. անմիջապես տեղափոխվել ենք տվյալ տարածք, որտեղ հայտնաբերել ենք Գասպար Պողոսյանին:
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության գլխավոր օպերի խոսքով՝ հայտնաբերված կալանավորը վնասվածքներ է ունեցել ոտնաթաթի շրջանում և չի կարողացել վարժ քայլել, ինչի պատճառով կրկին բժշկական կենտրոն են տեղափոխել:
Գարիկ Թարոյան - Տեղափոխել ենք Արարատի ԲԿ, առաջին բուժօգնություն է ստացել, ռենտգեն հետազոտություն, դրանից հետո տեղափոխել ենք Դատապարտյալների հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է ծառայողական քննություն:
Ի դեպ, նախորդ տարի ևս «Արմավիր» քրեկատարողական հիմնարկի կալանավորվածներից մեկը փախսուստի էր դիմել, այդ անգամ Վաղարշապատի ԲԿ-ից, սակայն կրկին նույն օրը հայտնաբերվել էր: