Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել էր Լոռու մարզի Պուշկինո բնակավայրի հիմնական դպրոց: Ծանոթացել էր դպրոցի պայմաններին, զրուցել կոլեկտիվի հետ և ի թիվս այլ խնդիրների՝ արձանագրել, որ դպրոցը համակարգիչների կարիք ունի: Կառավարության ղեկավարը խոստացել էր աջակցել դպրոցին այդ հարցում: Այդ մասին ասված է Լոռու մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
Այսօր արդեն կառավարության և մարզպետարանի ներկայացուցիչները խոստացված համակարգիչները հանձնեցին դպրոցին:
«Ավելի լավ միջավայրում կրթություն ապահովելու նպատակով Կառավարությունը նոր համակարգիչներով է համալրել ձեր դպրոցը, բարով վայելեք, և օլիմպիադաներում թող փայլեն ձեր աշակերտները»,- ուսուցիչներին ուղղված իր խոսքում ասաց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը՝ հավելելով, որ հատկապես գյուղական դպրոցների խնդիրները մշտապես Կառավարության և մարզպետի ուշադրության կենտրոնում են:
Պուշկինոյի հիմնական դպրոցի տնօրեն Նարեկ Նազարյանը նշեց, որ դպրոցում սովորում է 45 աշակերտ: Նրա հավաստմամբ՝ դպրոցի աշակերտներից շատերն են հետաքրքրված նորագույն տեխնոլոգիաներով:
Ստացված համակարգիչներից 5-ը տեղադրվեցին ինֆորմատիկայի դասասենյակում, 5-ը՝ «Արմաթ» լաբորատորիայում:
«Վարչապետի այցը հաճելի և օգտակար անակնկալ էր մեզ համար»,- ասացին Պուշկինոյի դպրոցի աշակերտները: