Շինարարական աղբի այս թմբերը Երևանի գերեզմանոցներում են: Դրանց մեծ մասը 20-30 տարվա պատմություն ունեն: Աղբի կույտերի տակ են մնացել տասնյակ հին գերեզմանատեղեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Խնդրի լուծման համար Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպությունը դեռ 5 ամիս առաջ նախաձեռնել է տարածքների մաքրում:
Միայն Զեյթունի գերեզմանատանը հայտնաբերվել է 170 աղբակույտ՝ յուրաքանչյուրը 25-30 տոննա աղբով:

Տարածքներից աղբը դուրս է բերվում պարկերով: Նեղ ու երբեմն անանցանելի արահետներով մեծ տեխնիկան մոտենալ չի կարող: Հիմնական գործը բանվորների ուսերին է:
Աշխատանքներում ներգրավել են նաև քաղաքի աղբահանության և կանաչապատման հիմնարկների մեքենաները:

Թեև գերեզմանատների զգալի հատվածներ մաքրվել են, սակայն աշխատանքներ դեռ շատ կան: Այս օրերին մաքրվում ու բացվում են նաև տարիներով ճահճացած ու եղեգնուտներով փակված տարածքները: Հաջորդ տարի գերեզմանատների մաքրումը կիրականացվի մրցույթում հաղթած կազմակերպության ուժերով: Ոլորտը կանոնակարգելու համար առաջիկայում նախատեսվում են մի շարք այլ փոխոխություններ:

Գործող օրենսդրությամբ համայնքային գերեզմանատներում հուղարկավորության համար տեղը հատկացվում է բացառապես անվճար, սակայն միայն մահվան վկայականի առկայության դեպքում: Հողահատկացման չափը ևս սահմանված է օրենքով՝ ոչ ավելի, քան 12.5 քմ, այն էլ՝ ընտանեկան գերեզմանատեղիի համար:
Տարածքի նախապես ամրագրում օրենքը չի նախատեսում, մինչդեռ գերեզմանատներում կարելի է հանդիպել գերեզմանատեղերի, որտեղ չկան հուղարկավորություններ: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ այժմ ապօրինի գերեզմանատեղերը փոխադարձ համաձայնությամբ քանդվում են:
«Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային կազմակերպությունն աշխատանքը թափանցիկ ու առավել հասանելի դարձնելու համար այժմ մշակում է նոր ծրագիր, որը հնարավորություն կտա տարածքի ընտրությունից մինչև վկայականի տրամադրում անցնել առցանց եղանակով:
Երևանի գերեզմանատներում հնարավոր չարաշահումները բացառելու, նախկինում կատարված ապօրինությունները հայտնաբերելու ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում: Նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է: