Լունապարկի տարածքում ԱԻՆ փորձագետներն են աշխատում, ուսումնասիրում են երեկ պոկված և մեկ մարդու մարմնական վնասվածքների պատճառ դարձած ատրակցիոնը: Հենց այդ ատրակցիոնի նստարանին էր Մոլդովայի 28-ամյա քաղաքացին, երբ այն պոկվեց: Երիտասարդը գլխուղեղային վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց: Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից «Լուրերին» տեղեկացրին, որ վիրահատությունից հետո տուժածը միացված է արհեստական շնչառության սարքին, վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Դեպքի հետ կապված` ստեղծվել է հանձնաժողով՝ փորձաքննություն իրականացնելու համար:
Մարտին Ասլանյան (ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ) - Այս պահին ստեղծվել է հանձնաժողով դժբախտ դեպքի քննությունը իրականացնելու նպատակով, և չորսօրյա ժամկետում մենք կարող ենք տալ հանգամանքները տվյալ դեպքի վերաբերյալ:
Լունապարկի տնօրենի խոսքով՝ «Բիո ռոբոտ» ատրակցիոնը 4 տարի առաջ է շահագործման հանձնվել, ոչ մի խնդիր մինչև օրս չի ունեցել և երբևէ չի նորոգվել:
Վոլոդյա Վարդանյան («Լունապարկ» ընկերության տնօրեն) - Դա գործարանային երկաթ է, ջարդվել է: Ի՞նչ կարող ես դու անել, եթե գործարանային թերություն է: Թող այնպես սարքեին այդ դետալը, որ չջարդվեր: Ջարդվել է, բայց էդ էլ աշխատողը ժամանակին նկատել է, ցածրացրել է, իջեցրել, փառք Աստծու, որ թեև դժբախտություն եղավ, բայց էդ չափի չեղավ:
«Լունապարկ» ատրակցիոնների փորձաքննական եզրակացությունը տալիս է 2019-ին ստեղծված Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտը: Տարեկան մեկ անգամ իրականացվող փորձաքննության ժամանակ ստուգում են ատրակցիոնի կառուցվածքը, ամրագոտիները, ուղևորատար մոդուլների հուսալիությունը: Պոկված ատրակցիոնը ևս ստուգել են:
Լուսինե Հովհաննիսյան («Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր փորձագետ) - Հունիսի 21-ին ատրակցիոնը ստացել է փորձագիտական դրական եզրակացություն: Թերություններ չեն հայտնաբերվել:
Լուսինե Հովհաննիսյանը շեշտում է` տարին մեկ անգամ իրենք են ստուգում, բայց ատրակցիոնները պետք է շահագործողի ամենօրյա հսկողության ներքո լինեն. օրենքն է պահանջում: Պարկի տնօրենն էլ վստահեցնում է՝ իրենք հետևում են կանոններին:
Վոլոդյա Վարդանյան - Ամեն օր ցանկացած կարուսել մինչև չեն ստուգում, մի հատ չեն նայում վիճակը` ոնց է, ոնց չի, մարդ չի նստում: Երեկ էր եղել, երեկ առավոտ, էդ դեպքից առաջ եղել է:
Տեսչական մարմինը հանրապետությունում ատրակցիոնների վիճակը վերջին անգամ ստուգել է մայիսին: Եռօրյա ստուգումների արդյունքում պարզել են, որ յոթ խաղային ատրակցիոն կոնսերվացված է, տասնութը առհասարակ չի շահագործվում: Իսկ երեկ պոկված ատրակցիոնը ստացել էր դրական եզրակացություն:
Ելենա Զոհրաբյան (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ) - Տեսչական մարմնի կողմից ուսումնասիրվել է 138 խաղային ատրակցիոն, որից 113-ը ստացել էր շահագործման համար դրական եզրակացություն: Տվյալ ատրակցիոնը ևս վեց ամիս առաջ անցել է համապատասխան փորձաքննություն փորձագետի կողմից, ճանաչվել որպես անվտանգ շահագործման համար:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ մարդու կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանք պատրաստելու կամ ծառայություն մատուցելու դեպքով, որը անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան