«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աշխատակիցներն առավոտյան հայտնաբերել են՝ իրենց պատկանող 4 կայք ենթարկվել է հաքերային հարձակման:
Դանիել Իոաննիսյան («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող) - Կայքերի մի մասում մտնելիս Ալիևի նկարն է բերում, մի մասն ուղղակի չի լինում մտնել:
Տեղեկատվական անվտանգության մասնագետները պարզել են՝ հարձակումն իրականացրել է ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական հաքերային խումբը:
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Իրենք պանթուրքիստական գաղափարներին հետևող են և ադրբեջանցիներին շատ լավ օժանդակում են:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրենց նկատմամբ թուրք-ադրբեջանական հաքերների հետաքրքրությունը պայմանավորում է վերջին շրջանում այդ երկրների իշխանությունների կեղծիքները հրապարակելու դեպքերով:
Դանիել Իոաննիսյան - «Փաստերի ստուգման հարթակը» բացահայտեց մի հանգամանք, որը միջազգային քննարկման առարկա դարձավ, որ Ալիևը պարգևատրել է մի քանի զինվորականների, ում 20 թվականին Ադրբեջանի դատախազությունը մեղադրում էր հայ ռազմագերիներին խոշտանգելու մեջ:
Հայաստանի և Արցախի պետական մարմինների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների կայքերը ևս հայտնվել են հաքերների թիրախում: Ադրբեջանցի ցանցահենները կոտրել են շուրջ 200 հարթակ, կարճ ժամանակով այնտեղ տեղադրել քարոզչական նյութեր:
Սամվել Մարտիրոսյան - Իրենց հաջողվել է կայքերին հոսթինգ տրամադրող կազմակերպությանը կոտրել և միջից բոլորին կոտրել միանգամից: Այնպես որ, հերթով չեն կոտրել:
Ադրբեջանցի և թուրք հաքերների վերջին խոշոր հարձակումը 44-օրյա պատերազմի ընթացքում է եղել, նշում է Սամվել Մարտիրոսյանը, հավելում՝ անընդհատ կատարելագործվող գրոհներից խուսափել գրեթե անհնար է, պետք է պատրաստ լինել հնարավորինս արագ վերացնել հարձակման հետևանքները:
Հեղինակ` Նորայր Շողիկյան