Ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում ապատեղեկության մեծ ալիք չի եղել, սակայն փորձագետները կարևոր են համարում մեծ լսարան ունեցող օգտատերերի մեդիագրագիտության բարձրացումը: Հակառակորդի քարոզչական նյութերը երբեմն հենց այդպիսի հարթակներով են տարածվում, և կարևոր է վերլուծել ու հասկանալ տեղեկության հավաստի լինելը:
Գեղամ Վարդանյան (Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր) - Ինֆորմացիան երբ գալիս է՝ շատ չշտապել, փորձել հասկանալ` ով է ինֆորմացիա փոխանցողը, որն է ինֆորմացիայի աղբյուրը:
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիային զուգահեռ` Ադրբեջանը ակտիվ աշխատում է նաև սոցիալական հարթակներում, երբեմն քարոզչական նյութեր տարածում մեծ լսարան ունեցող էջերում:
Գեղամ Վարդանյան - Խմբի տասնյակ հազարավոր անդամներ ունենալու հանգամանքը, այդ էջի` տասնյակ հազարավոր լայքեր ունենալու հանգամանքը կամ այդ գրառման հարյուրավոր տարածումներ կամ հազարավոր լայքեր և մի քանի հարյուր «քոմենթ» ունենալը չի նշանակում, որ դա հավաստի է:
Որպեսզի ադրբեջանական դաշտի կեղծ տեղեկությունները կամ քարոզչական նյութերը չհայտնվեն հայկական տիրույթում, օգտատերերի մի մասն առաջարկում է ռազմական ագրեսիայի շրջանում արգելափակել սոցիալական ցանցերն ու ադրբեջանական կայքերը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանն այդ քայլը հարցի լիարժեք լուծում չի համարում, նշում է՝ պետք է մեդիագրագիտության բարձրացման աշխատանք տարվի օգտատերերի շրջանում:
Արթուր Պապյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Ադրբեջանական կողմի ձգտումը հենց դա է՝ հոգեկան տառապանք պատճառել, սարսափեցնել, կոտրել հայկական կողմի կամքը, և, հետևաբար, այն մարդիկ, ովքեր վերցնում, վերատարածում են, մանրակրկիտ վերլուծում են, հրապարակում են սա, իրենք պետք է հասկանան՝ ինչ են անում: Իրենք անմիջականորեն աջակցում են ադրբեջանական օրակարգին:
Ռազմական գործողությունների վերաբերյալ «Տիկտոկ»-ում որոշ տեսանյութերի հրապարակումից հետո թեպետ սոցիալական հարթակը Հայաստանում որոշակի արգելափակվեց, սակայն Արթուր Պապյանն արձանագրում է՝ օգտատերերը գտնում են այն շրջանցելու ելքերը: Փորձագետի համոզմամբ՝ պետք է այս հավելվածում մեծ լսարան ունեցող հայերի միջոցով հստակ ուղերձներ հասցնել միջազգային լսարանին:
Արթուր Պապյան - Աշխարհի ամենաարագ աճող տեսանյութերի հարթակն է, և այստեղ պետք է հայկական տեսակետը հնչեցնել:
Ուսումնասիրելով վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում հայ օգտատերերի պահվածքը` մեդիափորձագետներն արձանագրում են` նախորդ դեպքերի համեմատ՝ ապատեղեկությունների մեծ ալիքներ չեն եղել: Սոցիալական հարթակում խուճապ չտարածելու ու խուճապի չենթարկվելու համար էլ փորձագետները հորդորում են առավել պատասխանատու մոտենալ կասկածելի բովանդակությամբ լուրերին:
Հեղինակ` Նորայր Շողիկյան