Չնայած վատատեսական կանխատեսումներին, Հայաստանի տնտեսությունը հունվար-ապրիլին բոլոր ոլորտներում աճ է արձանագրել: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության ցուցանիշը: 4 ամսում այն աճել է 9.4 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 33.8 տոկոսով. այդ թվում՝ արտահանումը՝ 25.2, իսկ ներմուծումը՝ 39.1 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 23.5, առևտրի շրջանառությունը՝ 7.8, շինարարությունը՝ 9 տոկոսով: Աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 14.1 տոկոսով: Սպառողական գնաճը կազմել է 7.4 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 10.8:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Ունեինք նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածներում ցածր տնտեսական ակտիվություն, ըստ էության, ցածր բազա, ու էդ հիմքի վրա տնտեսական բարձր աճ ու արագ ակտիվություն ապահովելը ավելի հեշտ էին, մյուս կողմից էլ՝ ունենք նաև հետհամավարակային վերականգնման ինչ-որ իներցիոն պրոցես:
Գործարար համայնքը տնտեսության ակտիվության ցուցանիշները մասամբ է զգում՝ կախված ոլորտից: Կան ոլորտներ, որոնք էական հաջողություն են գրանցում, կան ոլորտներ, որոնք պասիվ են:
Սամսոն Գրիգորյան (գործարար) - Ամենաշատը աճին նպաստել են, իմ կարծիքով՝ էս պահին՝ սպասարկման ոլորտները, տուրիզմի ոլորտները, հյուրանոցային բիզնեսի, հանրային սննդի բիզնես, քանի որ բավականին շատ հոսք ունենք դեպի երկիր, բացի այն ստանդարտ զբոսաշրջիկների թվից, ունենք նաև Ռուսաստանի Դաշնությունից, բազմահազարանոց խումբ է ժամանել Հայաստան, դա չի կարող ազդեցություն չունենալ:
Ծառայությունների ոլորտը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, շուրջ 3 տոկոս անկում էր արձանագրել, իսկ հիմա 23 տոկոսից ավելի աճ:
Արմեն Քթոյան - Եթե հաշվի առնենք նաև համավարակի ընթացքում սահմանափակումները, դրանով պայմանավորված, օրինակ՝ կացության կազմակերպման, սննդի ոլորտում ցածր ակտիվությունը, այսօր մենք այս ոլորտներում, օրինակ՝ հյուրանոցային բիզնեսում ունենք մոտ կրկնապատիկ աճ՝ 90 տոկոսը գերազանցող աճ, հանրային սննդում 30 տոկոսը գերազանցող աճ:
Այս տարվա առաջին 4 ամսվա ցուցանիշները դրական են, սակայն գործարարները կարևորում են տնտեսության համար ավելի ակտիվ համարվող՝ մյուս ամիսների ցուցանիշները:
Սամսոն Գրիգորյան - Հայաստանի տնտեսությունը շատ զգայուն է բոլոր վայրիվերումների հետ կապված, այդ իսկ առումով, եթե քաղաքական դաշտը լինի հանդարտ, և սահմանային իրավիճակը հանդարտ լինի, կարծում եմ՝ տնտեսական աշխուժություն կտեսնենք:
Հայաստան եկած օտարերկրացիների հոսքը, նրանց կողմից բացված բիզնեսները և ստացած լրացուցիչ ֆինանսները ևս ազդել են տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշների վրա, սակայն այստեղ կա նաև խնդիր:
Արմեն Քթոյան - Մի կողմից դա լավ է, մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով, որ այն երկարաժամկետ բնույթ չի կրում, կարելի է սպասել, որ հակամարտության ավարտից հետո մենք այստեղ հակառակ էֆեկտը կունենանք: Մենք ունենք իներցիոն վերականգնման ինչ-որ պրոցեսներ, պետք է նկատի ունենանք, որ ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր բացասական հետևանքները դեռ իրենց ամբողջ հզորությամբ ի ցույց չեն դրվել:
Մասնագետների կարծիքով՝ եթե ներկա միտումները պահպանվեն, ապա միջազգային կառույցների և նաև Հայաստանի Կենտրոնական բանկի նախանշած մինչև 2 տոկոս տնտեսական աճը կարելի է հոռետեսական համարել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան