Հայաստանի համախառն միջազգային պահուստները վերջին տարիներին դինամիկ աճ են գրանցում: Այս տարվա ապրիլի տվյալով՝ ցուցանիշը 3 մլրդ 68 մլն դոլար է: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այն աճել է շուրջ 78, 2020-ի համեմատ՝ 577, իսկ 2019-ի համեմատ` շուրջ 918 մլն դոլարով:
Մասնագետների խոսքով՝ պահուստները շարժուն ցուցանիշ են և ֆինանսական կայունության տեսանկյունից չափազանց կարևոր են:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Դրա միջոցով իրականացվում են դրամավարկային քաղաքականության հիմնական գործառույթները, այդ թվում` բաց շուկայական գործունեությունը, անհրաժեշտության դեպքում ֆինանսական շուկայում նաև ինտերվենցիաները՝ արժույթի փոխարժեքի պահպանման ուղղությամբ, նաև իրականացնում է վճարային հաշվեկշռի ֆինանսավորման գործառույթ և նաև արժութային համակարգի, ֆինանսական վստահության բարձրացման:
Ժամանակակից ֆինանսական համակարգում արտարժույթի փոխարժեքը և տվյալ երկրի ֆինանսական կայունությունը հիմնականում պայմանավորված են պետության արտարժութային և ոսկու պաշարներով: Կարեն Սարգսյանը հիշեցնում է, որ դեռ 2014 թվականից Հայաստանը ոսկու պաշար չունի:
Կարեն Սարգսյան - Եթե չեմ սխալվում, ոսկու մեր պաշարը վաճառվեց՝ հիմնականում պայմանավորված համաշխարհային շուկայում ոսկու գների խիստ անկմամբ, այսինքն` այդ դեպքում գերադասվեց, որպեսզի այդ ոսկին իրացվի, փոխարենը պահենք դոլար և այլ արտարժույթներ:
Հայաստանի միջազգային պահուստների ներկայիս մակարդակը, «Լուրերի» հարցմանն ի պատասխան, ներկայացրել է երկրի գլխավոր դրամատունը:
ՀՀ Կենտրոնական բանկ
«Ներկայում ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակում է համապատասխանել արտարժութային պահուստներին ներկայացվող հիմնական պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին ցնցումները մեղմելու կարողության առումով: ՀՀ միջազգային պահուստներն ապահովում են ներմուծման շուրջ 7 ամսվա, իսկ ընթացիկ պարտավորությունների սպասարկման շուրջ 7 տարվա ծածկույթ»:
Մասնագետները համոզված են՝ Հայաստանի միջազգային պահուստների չափը համապատասխանում է երկրի տնտեսական ներուժին և հնարավորություններին, իսկ այս պայմաններում ֆինանսական համակարգի կայունությունը արդեն վկայում է, որ պետությունն ունի բավարար արտարժութային պաշար:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան