ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Կանանց մասնակցությունը տնտեսության առանցքային ոլորտներում և ներառական աճի խթանում» պանելային քննարկմանը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO)՝ աշխարհում առաջին անգամ նշվող «Կանայք արդյունաբերության մեջ» միջազգային օրվա շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում անցկացված միջոցառմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է կրթության ոլորտում ՀՀ արձանագրած առաջընթացին, որը նպաստում է տնտեսության տարբեր ճյուղերում և արդյունաբերության մեջ կանանց ներգրավմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանում կրթության ոլորտում կանանց ներգրավվածությունը շատ բարձր է. հանրակրթական համակարգում ուսուցիչների մոտ 89–90%-ը կին է, նախադպրոցական կրթության համակարգում այդ ցուցանիշը մոտ 99% տոկոս է կազմում: Վերջին երեք տարում պետական բուհերում տարեցտարի գրանցվում է աղջիկների ընդունելության ցուցանիշի աճ: Օրինակ՝ 2025 թվականին բակալավրի կրթական ծրագրերով բուհ ընդունվածների 63%-ն իգական սեռի է, ԲՏՃՄ ուղղություններով շրջանավարտների շուրջ 40%-ը աղջիկ է:
Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ գիտության ոլորտում պետական լայնածավալ բարեփոխումների, ֆինանսավորման զգալի աճի և կին գիտնականների հետազոտությունների խթանման հատուկ միջոցառումների համատեքստում վերջին տարիներին Հայաստանում դիտվում է դրական դինամիկա։ Մասնավորապես՝ աճել է գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններում կին գիտաշխատողների թիվը՝ հասնելով 53.6%-ի․ այս ցուցանիշը մոտավորապես 1,7 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները։ ԲՏՃՄ ոլորտում կին գիտաշխատողների ներկայացվածության բաժինը ևս զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջինացված ցուցանիշներին՝ կազմելով 52%։ Համեմատության համար նշվել է՝ ԵՄ երկրներում ԲՏՃՄ ոլորտում կին հետազոտողների ներկայացվածությունը շուրջ 40% է։ Կին հետազոտողները ՀՀ-ում մեծամասնություն են կազմում նաև հումանիտար և հասարակագիտական գիտությունների ոլորտում՝ կազմելով այդ ոլորտներում հետազոտողների ընդհանուր թվի 58 տոկոսը:
«Պետք է նշել, որ կրթության ոլորտում այսօր հակառակ ուղղությամբ ենք շատ մեծ աշխատանքներ տանում, որպեսզի ոլորտը դարձնենք ավելի գրավիչ նաև տղամարդկանց համար: Այդուհանդերձ, կարևոր է ընդգծել, որ կրթությունն այն կարևոր օղակն է, որը պետք է փոխի արդյունաբերության մեջ կանանց ներգրավվածության իրավիճակը: Վստահություն ունենք, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է սկսել դեռևս նախադպրոցական ոլորտից, երբ սկսվում են ազդեցությունները մասնագիտական կողմնորոշման հարցում: Այս ուղղությամբ մենք փոխել ենք թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական կրթության չափորոշիչները: Դպրոցական միջավայրում երեխաները պետք է հավասար ուղերձներ ստանան և իմանան, որ թե՛ ԲՏՃՄ, թե՛ հումանիտար ոլորտներում բոլորն ունեն հավասար հնարավորություններ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։
Նա անդրադարձել է նաև «Տեխնոլոգիա» առարկայի դասընթացի կազմակերպմանը՝ նշելով, որ աշակերտներին հնարավորություն է տրվել ընտրել իրենց նախընտրած ուղղությունը: Արաքսիա Սվաջյանի հավաստմամբ՝ միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում ևս բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում աղջիկների ներգրավվածությունը բարձրացնելու ուղղությամբ. «Այդ աշխատանքները պետք է շարունակական լինեն, որպեսզի կրթական վերջնարդյունքներն իրենց արտացոլանքը գտնեն նաև տնտեսությունում»:
Քննարկման շրջանակում ելույթներով հանդես են եկել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ, արդյունաբերության ոլորտը ներկայացնող բանախոսներ: