Ադրբեջանի նախագահը Բաքվում ընդունել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսին: Քննարկվել են երկկողմ գործակցությունը և Հարավային Կովկասում զարգացումները: Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին և խաղաղության գործընթացին։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն փաստացի խաղաղություն է հաստատվել: Ալիևը հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին ինքը և Հայաստանի վարչապետը հրավիրված էին Սպիտակ տուն, որտեղ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը։
«Վաշինգտոնում հանդիպումից հետո բազմաթիվ իրադարձություններ են եղել: Առևտրային հարաբերություններ են հաստատվել, նավթամթերք ենք արտահանում»,- մանրամասնել է Ադրբեջանի նախագահը:
Իլհամ Ալիևը նաև համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների փոխայցելությունները նպաստում են հարաբերությունների կարգավորմանը։
Լատվիայի նախագահն էլ հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Նրա խոսքով՝ դա կարևոր կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։