Ապատեղեկատվական արշավների դեմ Կառավարության ուսումնասիրությունների վերաբերյալ ասուլիսի ժամանակ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ ՀՀ-ում նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմանը:
ԵՄ-ն իր երկրորդ առաքելությունն է տեղակայում Հայաստանում՝ հիբրիդային գործիքակազմով, դրա դեմը հակազդելու միջոցներով, ի՞նչ գործիքներ են օգտագործվելու նախընտրական շրջանում ՀՀ-ին օգնելու համար, արդյոք դրանք ԶԼՄ-ների՞ն են տրամադրվելու, թե՞ պետական գերատեսչություններն են օգտագործելու նախընտրական շրջանում ապատեղեկատվությունը բացառելու համար: Հարցին վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանեց՝ խոսքը քաղաքացիական տեղակայման մասին է, ժամկետների մասով տեղեկատվություն եղել է:
«ԱԳՆ-ն նախօրեին այս թեման կոմունիկացրել է, և դա բնավ նախընտրական շրջանի հետ կապ չունի, քանի որ 2 տարի ժամկետով են տեղակայվելու:
Ուզում եմ, որ այս տեղակայումը որևէ կերպ չկապվի արագ արձագանքման խմբի հետ, որը նույնպես այս շրջանում ակտիվ է եղել: Ուզում եմ ասել, որ երկու առանձին գործառույթներ են, և այս դեպքում 2 տարի ժամկետով է:
Գործողությունների մասին, համագործակցության, ինչու չէ, նաև լրատվամիջոցների հետ աշխատանքի մասով կտեղեկացնենք:
Նպատակը մեկն է՝ տեղեկատվական դիմակայունությունը բարձրացնել, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների դեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում ընդունել են Հայաստան քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշում: ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին: Հայաստանը ողջունել է ԵՄ-ի որոշումը: