Աղբավայրերը համարվում են հրդեհավտանգ օբյեկտներ, որտեղ պարբերաբար տեղի է ունենում աղբի բռնկում՝ վտանգավոր գազերի արտանետմամբ: Սա վտանգ է ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց առողջության համար: 2020 թվականին հանրապետության տարածքում գտնվող աղբավայրերում բռնկվել է 89 հրդեհ, 2021 թ.՝ 82, իսկ 2022 թ.՝ արդեն իսկ 2 հրդեհ:
Նման իրավիճակներից խուսափելու նպատակով՝ մինչև հրդեհավտանգ սեզոնի սկսվելը, արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնել է հանդիպում «Հրդեհների առաջացումը թեմայով»: Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ, Երևանի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերի խոշոր աղբավայրերի տնօրեններ, շահագրգիռ այլ կողմեր:
Հանդիպումը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը: ՓԾ տնօրենի տեղակալի խոսքով՝ խնդիրը համակարգային է և պահանջում է բոլոր պատասխանատու կողմերի ակտիվ ներգրավվածությունը դրա լուծման ուղղությամբ: Հակահրդեհային անհրաժեշտ միջոցառումների բացթողումների հետևանքով հարցը վերջնական լուծում չի ստանում:
«Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով ամրագրված է, որ կազմակերպությունները պարտավոր են ապահովել անհրաժեշտ ուժեր, հրդեհաշիջման առաջնային միջոցներ, ինչպես նաև համապատասխան ինժեներական տեխնիկա և աշխատակիցներ:
Թեև փրկարար ծառայությունը աղբավայրերում բռնկված հրդեհներին արձագանքելու և մարելու գործառույթ չունի, այնուամենայնիվ, հաշվի առնելով խնդրի լրջությունը, դրա վտանգները՝ անմասն չի մնում հրդեհաշիջման աշխատանքների իրականացումից՝ կենտրոնացնելով մեծ քանակությամբ ռեսուրսներ: 2021 թվականի մայիսի 22-30-ը և հունիսի 5-28-ը Մասիս քաղաքի աղբանոցում բռնկված հրդեհների մարման աշխատանքների համար ներգրավվել է 7 հրշեջ-փրկարարական ջոկատ, ընդհանուր թվով՝ 192 ծառայող, օգտագործվել է 8800 տոննա ջուր:
Մեկ այլ դեպքում՝ 2021 թ. նույն ժամանակահատվածում Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական բոլոր ջոկատները, ընդհանուր թվով՝ 376 ծառայող, օգտագործվել է 3847 տոննա ջուր: Եղել են դեպքեր, երբ նույն աղբավայրում հրդեհի դեպք է գրանցվել օրը մի քանի անգամ:
Հանդիպման մասնակիցները կարևորել են հարցի կարգավորման հրատապությունը: Աղբավայրերը շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ խնդիրը համակարգային է, առկա է ինչպես թափոնների կառավարման, այնպես էլ ուժերի և միջոցների համալրման կարիք: Փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը հորդորել է առավել զգոն լինել, քանի որ եղանակները տաքանալուն պես աղբավայրերում հրդեհների առաջացման հավանականությունը մեծանում է: