8 տարի ստիպված ենք եղել պայքարել՝ այդ թվում դատաիրավական մաֆիայի դեմ, և այն մարդիկ, որոնք չեն ենթարկվել, և այն գործերը, որոնք պատշաճ ընթացք չեն ստացել, պատշաճ ընթացք չեն ստացել այդ թվում հանցավոր պայմանավորվածությունների պատճառով, և մարդիկ շարունակել են իրենց արտոնյալ զգալ, այդ թվում՝ դատաիրավական համակարգը նորմալ չի գործել: Հիմա Հայաստանի ժողովրդի և Կառավարության ակնկալիքն այն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի:
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ԲԿՀ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի փաստերը եղել են նաև նախկինում, բայց չեն օգտագործվել, իսկ այժմ դրանք որպես մահակ օգտագործվում են ընդդիմադիրների դեմ:
«Մինչև հարցերը չեն հասնում համաժողովրդական, քաղաքական մակարդակի, ինչ-որ խնդիրներ շարունակում են տեղապտույտի վիճակում հայտնվել: Օրինակ, ասում են՝ քաղաքական հետապնդում: Ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում, որովհետև այդ թվում պետական համակարգում նախորդ քաղաքական իշխանությունների գործող շոշափուկները պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար, և դրա վերջը պետք է տրվի այդ թվում ժողովրդի տված մանդատով»,- ասաց նա: