Հունիսի սկզբին Կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր, որով ֆինանսական աջակցություն ենք տալիս, եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքներ, ինչպես նաև թարմ պտուղ և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ: Այս մասին Կառավարության՝ հուլիսի 9-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ըստ նախարարի՝ այժմ առաջարկվում է որոշման նախագիծ, որի նպատակն է ծրագրի արդյունքում արտահանողներին առնչվող՝ հունիս ամսվա պարտավորությունները կատարելը, այսինքն՝ նրանք արտահանել են, գործադիրը պետք է ֆինանսական աջակցություն տրամադրի:
«Միջոցառման իրականացման համար հունիսին առաջացած պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ է փոխհատուցել ընդհանուր առմամբ 3 մլրդ 140 մլն դրամ»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 3 մլրդ դրամի փոխհատուցումը մեծ թիվ է. դա նշանակում է, որ արտահանման ծավալները մեծ են:
Պապոյանն արտահանման ծավալները ներկայացրեց թվերով, ըստ այդմ՝ հունիսին արտահանվել է 784 տոննա պղպեղ, 200 տ լոլիկ, 109 տ ելակ, մոտ 3000 տ ծիրան (5405 տոննա՝ հուլիսի 7-ի դրությամբ), 1400 տ կեռաս, 1,5 մլն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230 հազար շշալցված խաղողի գինի՝ 1,3 լ հաշվարկով և այլն:
Փաշինյանն արձանագրեց՝ ՀՀ տնտեսության մեջ բալանսավորման քաղաքականությունն ընթացքի մեջ է, և 3 միլիարդի արտահանումը ցույց է տալիս, որ կա ծավալուն ձեռքբերում: