Ազգային ժողովը քննարկում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագծի զեկուցող Գևորգ Պապոյանը նշեց, որ այն ամբողջությամբ վերաբերում է բարձրագույն կրթությանը:
«Բուհերը տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին ըստ առաջադիմության փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգի ուսանողների վարձը՝ ըստ նախարարության հատկացրած տեղերի քանակի և հաստատված մասնագիտությունների:
Միևնույն ժամանակ, բուհը վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին փոխհատուցում է ուսման տարեկան վարձը՝ հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը: Բուհը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին ուսանողների վարձավճարից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով իր միջոցների հաշվին, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Եթե ամփոփելու լինենք, կարելի է ասել, որ պետությունը բուհերի առաջ խնդիր է դրել, որ իրենք առնվազն պետք է 10 տոկոսին ուսանողական վարձավճարները փոխհատուցեն»,- մանրամասնեց Պապոյանը:
Միաժամանակ Հարկային օրենսգիրքը տալիս է հետևյալ արտոնությունը. եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում բուհի ուսանողական համակազմի մինչև 10 տոկոսի օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները: Մյուս կողմից, շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ծախսեր են համարվում բուհի ուսանողական համակազմի մինչև 10 տոկոս ծառայության հետ կապված ծախսերը:
«Ստացվում է այնպես, որ, օրինակ, եթե բուհը կարիք ունենա 20 կամ 30 տոկոսի չափով զեղչեր անել, ապա Հարկային օրենսգրքով 10 տոկոսից ավելացված մասի չափով ինքը շահութահարկի և եկամտային հարկի հարկման բազայի իջեցումից չի օգտվում: Մեր առաջարկն է, որ 10 տոկոս շեմը բարձրացնենք 20 տոկոսի»,- ասաց Պապոյանը:
Պատգամավորը մանրամասնեց նաև, թե ինչու են առաջարկում այս փոփոխությունները:
«Այդ 10 տոկոսը սահմանամերձ գյուղերի բնակիչներն էին, սոցիալապես անապահով ուսանողները կամ այն ընտանիքները, որտեղ մի քանի ուսանող կա, նաև քառօրյա պատերազմի մասնակիցները: Սակայն 44-օրյա պատերազմից հետո մի իրավիճակ է ի հայտ եկել, երբ պետությունը բուհի միջոցով ոչ միայն միանվագ աջակցություն է ցանկանում ցուցաբերել, այլև շրջանակն ընդլայնել, որ մի կողմից նրանք խնդիր չունենան զեղչ ստանալու, այլև դա չլինի՝ ի հաշիվ սոցիալապես անապահովի»,- ասաց Պապոյանը: