Հանրային հեռարձակողի խորհրդի բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել է 8.28 %-ով, կազմել՝ 7 մլրդ 634 մլն դրամ: Խորհրդի նախագահ Արա Շիրինյանն Ազգային ժողովում հայտնեց՝ բյուջեում արձանագրված աճից 212 մլն դրամը պայմանավորված է հունիսին Հանրային հեռուստաընկերության մայրաքաղաքային սփռման 24-ժամյա լրատվական նոր հեռուստաալիքի գործարկմամբ:
Արա Շիրինյան (Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ) - Տեղեկատվական հոսքերի սրընթաց զարգացման պայմաններում Առաջին ալիքով բազմաժանր հաղորդումների ցուցադրման պահանջը թույլ չի տալիս ապահովել «Lուրերի» թողարկման օպերատիվությունը: Ուստի ընկերության լրատվական ծառայության հիմքի վրա ստեղծվել է առանձին լրատվական հեռուստաալիք:
Շիրինյանը հավելեց՝ լրատվական ալիքի գործարկումից հետո արդեն իսկ կատարվել են մի շարք կապիտալ բնույթի ծախսեր:
Արա Շիրինյան - Լրատվական հեռուստաալիքի գծով առաջիկա 1-2 տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել առանձին տաղավարային համալիր մասնաշենք՝ հագեցած թվային, տեխնիկական ժամանակակից միջոցներով: 2022 թ. տեխնիկական վերազինման համար նախատեսվում է ներգրավել մինչև 1 մլրդ 700 մլն դրամի վարկային միջոցներ՝ շուկայում գործող բարենպաստ պայմաններով, ինչպես նաև օգտագործել առևտրային գովազդի ու այլ եկամուտներից կանխատեսվող ֆինանսական ներհոսքը:
Հարցուպատասխանի փուլում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հետաքրքրվեց, թե ինչ միջոցներով է Հանրայինը կազմակերպելու 70 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ՏԻՄ ընտրությունների հեռուստաբանավեճերը: Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն արձանագրեց՝ վերջին արտահերթ խորհրդարանական և Գյումրիի ՏԻՄ ընտրության հեռուստաբանավեճերի կազմակերպման հարցում աջակցել են միջազգային գործընկերները:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Առաջիկայում մենք պարտավոր ենք 70 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքների դեպքում բանավեճ իրականացնել Վանաձորում և Արտաշատում: Դա նույնպես իրականացնում ենք միջազգային գործընկերների աջակցությամբ, բայց այսքանով այս աջակցության ծրագիրն ավարտվում է, և առաջիկայում պետք է հասկանանք՝ նման բանավեճերի անցկացման ֆինանսավորումն ինչպես է կատարվելու:
«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը նշեց, թեև Առաջին ալիքի արբանյակային հեռարձակմանը չի հետևում, բայց իրեն դժգոհություններ են փոխանցել Հանրայինի հեռուստատեսային արտադրանքի վերաբերյալ: Այս դիտարկմանը նախ անդրադարձավ նիստը վարող Սիսակ Գաբրիելյանը:
Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Վերջին հարցումներով, ռեյտինգով երրորդ եռամսյակում, ես կարող եմ ասել, որ Հայաստանում թողարկվող բոլոր հեռուստաընկերությունների 10 լավագույն հաղորդումներից 7-ը Հանրայինինն էր, նաև վերջերս IRI-ի հարցումն էր, որ ամենավստահելի լրատվական միջոցն է համարվում:
Հովհաննես Մովսիսյան - Արբանյակային հեռարձակումն արդեն հին է և ապագա չունի՝ մեր կարծիքով: Եվ մենք այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք՝ հասկանալու, թե որն է հեռուստատեսության ապագան, և ինչպես ենք մենք հասնելու մեր սփյուռքահայ հայրենակիցներին: Պետք է գնանք այլ ճանապարհով, որը ենթադրում է ինտերնետի հետ կապվածություն:
Ոլորտի պատասխանատուները հայտարարեցին՝ առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում նախատեսվում է վերազինել նաև Առաջին ալիքի տեխնիկական պարկը:
Խորհրդարանը քննարկեց նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի բյուջեն: Կառույցին 2022 թվականին կտրամադրվի շուրջ 337 մլն դրամ՝ հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա համեմատ կառույցի բյուջեն ավելացել է մոտ 2%-ով: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, սակայն, համաձայն չէր այս ձևակերպմանը:
Տիգրան Հակոբյան (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ) - Այստեղ փոքր խաբկանք կա իհարկե, որովհետև մեր բյուջեն ոչ թե մեծացել է, այն պակասել է: Անցյալ տարվա համեմատ մենք կրճատել ենք և՛ գործուղումների քանակը՝ արտաքին, մոտ 3 մլն, և՛ աուդիտի գումարները, և այդ 2% ավելացումն օրենքի փոփոխության հետևանք է, երբ տարեկան պետական տուրքերի ու տույժ ու տուգանքների 30%-ը վերադարձնում են հանձնաժողովին:
Տիգրան Հակոբյանն արձանագրեց նաև՝ բյուջեի կրճատմանը զուգահեռ ավելացել է կառույցի ծանրաբեռնվածությունը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան