Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ հանդիպել է ուսանողների հետ և հանդես եկել բանախոսությամբ՝ «Զարգացման հեռանկարներ, խաղաղություն, ապաշրջափակում և TRIPP նախագիծ» խորագրով։
Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը անդրադարձել է Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերջին տարիներին երկրի տնտեսական կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխություններին։ Նա ընդգծել է, որ տնտեսական ակտիվության աճը, ներդրումային միջավայրի բարելավումը և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կարևոր հիմք են ստեղծում երկրի կայուն զարգացման համար։
Նախագահը խոսել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորության, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտության և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ նշելով, որ դրանք կարող են էական դեր ունենալ տարածաշրջանային համագործակցության խորացման և տնտեսական ներուժի լիարժեք իրացման գործում։ Միաժամանակ ներկայացվել են TRIPP նախագծի նպատակներն ու հնարավորությունները՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանային կապերի ընդլայնման և տնտեսական զարգացման խթանման համատեքստում։
Նա ընդգծել է, որ կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ, անվտանգ և կանխատեսելի միջավայրում։
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերը ուղղել նախագահին։ Այնուհետև նախագահը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել վերջին շրջանում իրականացված աշխատանքներին։