Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։
Միջոցառման ընթացքում վարչապետը կարևորեց Արթուր Աբրահամի փորձն ու գիտելիքները հայկական սպորտում ներդնելու անհրաժեշտությունը։ «Մեր ցանկությունն է եղել, որ ամբողջ գործունեությունը մարզական լինի ձեր անձնական վերահսկողության ներքո, որովհետև հասկանալիորեն դուք մարզական նվաճումների ճանապարհին շատ մեծ գիտելիք և փորձ եք ձեռք բերել, այդ թվում՝ մարզման մեթոդների մասին, սպորտի կառավարման մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև մարզահամալիրի տեղակայմանը՝ Երևանի Ներքին Չարբախ թաղամասին։ Նա շեշտեց, որ նման նախագծերը ծայրամասերը վերածում են կենտրոնների. «Սա նախագիծ է այն մասին, թե ոնց կարող է արվարձանը դառնալ կենտրոն: Որովհետև հիմա ի՞նչ է տեղի ունենում. մենք ստեղծում ենք Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիր, բայց դրանով Ներքին Չարբախը դառնում է կենտրոն: Որովհետև հիմա մեծ հավանականությամբ, այդ թվում Երևանի Կենտրոն վարչական շրջանում ապրող երեխաները ուզենալու են գալ այստեղ, որպեսզի հաղորդակցվեն, որովհետև համոզված եմ, որ նրանք հիանում են, և շատերն են ուզում Արթուր Աբրահամի նման մարզական նվաճումներ ունենալ»:
Արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Արթուր Աբրահամը ստորագրեցին սերունդներին ուղղված ուղերձը, որը տեղադրվեց պարկուճի մեջ և դրվեց մարզահամալիրի հիմքում։