ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը մասնակցել է «Տնտեսության ֆորմալացումը՝ որպես բիզնեսի աճի նախապայման» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Համաժողովի նպատակն էր ֆորմալացումը վերաիմաստավորելու՝ ոչ թե որպես հարկային ճնշման գործիք, այլ որպես արտադրողականության բարձրացման մեխանիզմ, մրցունակության նախապայման, արտահանման ընդլայնման հիմք և սոցիալական արդարության ու ներառական աճի հենասյուն։ Այս համատեքստում կարևորվել են Պետական եկամուտների կոմիտեում ներդրված թվային համակարգերը, այդ թվում՝ արհեստական բանականության գործիքակազմի կիրառումը, ինչպես նաև իրականացվող հարկային վարչարարությունը, ռիսկերի վերլուծության ու ծանուցումների համակարգը։
«Տնտեսության ֆորմալացումը հարկային քաղաքականության և վարչարարության առանցքային ուղղություններից է․ այն միայն վարչարարարական խնդիր չէ, այլ՝ համակարգային գործընթաց, որի հիմքում ընկած են վստահությունը, կանխատեսելիությունը և կանոնների հավասար կիրառումը»,-իր խոսքում նշել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը։ Ադրադառնալով ՊԵԿ առաքելությունից ու տեսլականից բխող բարեփոխումներին և նախաձեռնություններին՝ ընդգծվել են, որ վերջին տարիներին էապես փոխվել են ոչ միայն Կոմիտեի աշխատանքային գործիքները, այլև մոտեցումները։
Մասնավորապես, վարչարարությունը՝ միայն վերահսկողությամբ սահմանափակվելու մոտեցումից, աստիճանաբար անցում է կատարվում մարդակենտրոն մոդելի կիրառմանը՝ ապահովելով տարբերակված և նպատակային վարչարարություն։ Անդրադառնալով վերջին տարիներին աշխատուժի ֆորմալացման ուղղությամբ իրականացված ծրագրերին՝ ընդգծվել են հիթոփեքային վարկի տոկոսների եկամտային հարկի վերադարձի համակարգը, տնտեսության ակտիվության և աշխատուժի պահպանմանն ուղղված նպատակային աջակցության ծրագրերը և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը, այդ թվում՝ սոցիալական ծախսերի փոխհատուցումը։ Տնտեսության ֆորմալացման գործընթացում կարևորվել են հատկապես պետության, հասարակության և բիզնեսի ակտիվ ներգրավվածությունը, փոխադարձ վստահությունն ու պատասխանատվության գիտակցումը։
Հայաստանում ձևավորվում է ավելի կարգապահ, կանխատեսելի և արդար հարկային միջավայր․ այս մասին են վկայում վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունները, որոնց արդյունքում էական առաջընթաց է արձանագրվել հարկային վարաչարարության գնահատման հիմնական ցուցանիշներում, մասնավորապես, 2025 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2018 թվականի՝ 21 տոկոսից հասել է 24․08 տոկոսի, նվազել է հարկային կարգապահական ճեղքը, որը, 2021 թվականին լինելով 3․56 տոկոս, նվազել և 2024 թվականին կազմել է 2․42 տոկոս, իսկ հարկային վարչարարության արդյունավետության ցուցանիշը 2025 թվականին կազմել է 0․91 տոկոս՝ 2018 թվականի համեմատ նվազելով 0․9 տոկոսային կետով, աճել է աշխատատեղերի քանակը, որը 2025 դեկտեմբերին կազմել է 822 662, որն ավելի քան 288 հազարով աճել է 2017 թվականի դեկտեմբերի համեմատ, միաժամանակ, աճել է նաև միջին ամսական աշխատավարձը։
«Մենք կառուցում ենք համակարգ, որտեղ կանոնները պարզ են, արդար, աճն իրական, իսկ ֆորմալ դաշտում լինելն այլևս ընտրություն չէ, այլ՝ ազատ տնտեսական մրցակցության պայմաններում ընդունված որոշում՝ բեզնեսի զարգացման և սոցիալական պաշտպանության նպատակով․ սա է այն ուղղությունը, որով շարժվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն»,-ընդգծել է Վրեժ Մխիթարյանը։
Համաժողովը զուգորդվել է պանելային քննարկումներով, որտեղ «Հարկադրանք, թե խթաններ. ստվերից դուրս գործելը շահավետ դարձնելուն միտված հարկային քաղաքականության և վարչարարության նոր մոտեցումներ» թեմատիկ քննարկմանը, որպես բանախոս հանդես է եկել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը։ Ի պատասխան հնչեցված հարցադրումների՝ տնտեսության ֆորմալացման ենթատեքստում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը կարևորել է առաջիկա տարիներին հարկեր/ՀՆԱ աճը, հարկային կարգապահության ճեղքի նվազեցումը, հարկային կարգապահության բարձրացումը, միաժամանակ, ներկայացնելով՝ ներկայում ՊԵԿ-ը որդեգրել է փափուկ վարչարարության գործիքակազմ, որի արդյունքում վարչարարությունը դիտարկվում է առավել գործընկերային։
Որպես տնտեսության ֆորմալացման, ստվերի կրճատման և հավասար մրցակցային բիզնես միջավայր ապահովելուն ուղղված բարելավումներ՝ առանձնացվել են նաև ՊԵԿ համակարգերի թվայնացման ընդլայնումը, խիստ և թիրախային վարչարարության իրականացումը, օրինապահ հարկ վճարողների խրախուսման մեխանիզմների ներդրումը, գնորդների պատասխանատվության գիտակցության բարձրացումը՝ ուղղված ՀԴՄ կտրոն պահանջելուն։
Կարևորվել է համաժողովի անցկացումը, որպես նոր գաղափարների և գործնական լուծումների ձևավորման հարթակ՝ միավորելով պետության, բիզնեսի, հասարակության, ինչպես նաև միջազգային գործընկերների ջանքերը։