Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարները՝ սկսած 2023 թվականից։
Նա նշեց, որ 2023 թվականից Հայաստանում գործող ԵՄ քաղաքացիական առաքելությունն իր նպաստն է բերել երկրի կայունությանն արևելյան սահմանների երկայնքով։ 2024 թվականին ընդունվել և կենսագործվում է Հայաստանին աջակցող «ԵՄ դիմակայունություն և աճ» ծրագիրը, իսկ ԵՄ անդամ պետությունները կոնսենսուսային որոշմամբ աջակցություն են տրամադրել Եվրոպական խաղաղության գործիքի ներքո։
Խոսելով ապագա քայլերի մասին՝ վարչապետն ընդգծեց, որ 2025 թվականին ընդունվել է Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Մեկնարկել է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը, և Հայաստանին է փոխանցվել գործողությունների ծրագիրը։ Իրականացվում են նաև խորհրդակցություններ անվտանգության և պաշտպանության ոլորտներում։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց բարեփոխումների կարևորությունը. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպական միությանն անդամակցելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը՝ մինչև այդ չափանիշներին լիարժեք համապատասխանելը»։
Անդրադառնալով անդամակցության քաղաքական կողմին՝ նա հավելեց. «Երբ Հայաստանը կհամապատասխանի Եվրամիության չափանիշներին, ԵՄ-ին անդամակցելը կդառնա քաղաքական որոշման հարց և կախված կլինի նրանից, թե արդյոք Եվրամիությունը պատրա՞ստ է ընդունել Հայաստանին։ Եթե այո, Հայաստանի Հանրապետությունը կդիմի Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու համար։ Եթե ոչ, վերը նշված բարեփոխումների իրականացումը ռազմավարական ձեռքբերում կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դարձած կլինի եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր»։