ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր տեսակետը խաղաղության հասնելու նախապայմանների և առկա վտանգների մասին։ Նրա խոսքով՝ երկրում գործում են ուժեր, որոնք փորձում են վերադառնալ նախկին հակամարտության տրամաբանությանը։
«Ձևավորվել է պատերազմի եռագլուխ կուսակցություն, և այդ կուսակցության նպատակը՝ հիմա արդեն նրանք ուղիղ չեն ասում, բայց անուղղակի, կամաց-կամաց, քայլ-քայլ Ղարաբաղյան շարժումը վերականգնելն է, այսինքն՝ կոնֆլիկտը վերականգնելը, այսինքն՝ պատերազմը վերականգնելը»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով անցած տասնամյակներին՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը երկար ժամանակ իրական խաղաղություն չի ունեցել. «1991 թվականից սկսած, ըստ էության, մենք մինչև 2024 թվականը, փաստացի խաղաղություն երբեք չենք ունեցել։ Պատերազմը եղել է միշտ, և դրա վկայությունն այն է, որ ամեն տարի զոհ է եղել սահմանին։ Խաղաղությունն այն է, երբ զոհ չկա սահմանին, վիրավոր չկա սահմանին։ Մենք ունեցել ենք պատերազմ տարբեր ինտենսիվությամբ, որովհետև եթե մարդիկ են զոհվում, դա պատերազմ է»։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը գիտակցված ընտրություն է կատարել զարգացման նոր ուղու օգտին. «Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի է, այն եղել։ Եվ մենք մեզ հաշիվ ենք տվել, ասել ենք՝ լավ, ինչի՞ մեջ է մեր ընտրությունը, և մենք ընտրություն ենք կատարել հօգուտ անվտանգության, հօգուտ խաղաղության։ Եվ մենք այսօր ունենք անվտանգություն, ունենք խաղաղություն»։
Խոսելով ընդդիմադիր դաշտից հնչող «վերադարձի իրավունքի» մասին. «Հիմա՝ վերադարձի իրավունք, Ղարաբաղ վերադարձի իրավունք, Ադրբեջանը դրան կհակադրի ձեզ հայտնի թեմաները, և այդ կետի վրա կսկսի եռալ, եռալ, եռալ և կդառնա կոնֆլիկտ։
Մենք ասում ենք՝ այդ թեմաները երկկողմ պետք է փակվեն։ Սա իրատեսական և լեգիտիմ մոտեցում է միջազգային իրավունքի տեսակետից, և սա է այն մոտեցումը, որը երաշխավորում է խաղաղություն»։