Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցության համատեղելիության հարցին։
Նա շեշտել է, որ իրավական տեսանկյունից հնարավոր չէ միաժամանակ լինել երկու միությունների անդամ. «Հնարավոր չէ միաժամանակ լինել թե՛ Եվրասիական տնտեսական միության անդամ, թե՛ Եվրոպական միության անդամ»։ Սակայն, ըստ վարչապետի, քանի դեռ ԵՄ-ի հետ մերձեցմանն ուղղված բարեփոխումները չեն հակասում ԵԱՏՄ-ին, Հայաստանը կպահպանի իր անդամակցությունը. «Քանի դեռ Եվրոպական միության հետ մերձեցման, ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ և կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ»։
Փաշինյանը հավելել է, որ քանի դեռ առկա է «համատեղելիության տարածք», Հայաստանն ընտրություն չի կատարի. «Մենք գիտենք, որ համատեղելի չեն ԵԱՏՄ-ն և Եվրոպական միությունը, բայց քանի դեռ մեր օրակարգերը համատեղելի են, մենք ընտրություն չենք կատարի»։
Անդրադառնալով ապագա որոշումներին՝ վարչապետը նշել է, որ վերջնական խոսքը ժողովրդինն է լինելու. «Երբ կգա այն պահը, երբ համատեղելիության տարածք չի լինի, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդը, բնականաբար, հանրաքվեով կկայացնի որոշում»։
Նրա խոսքով՝ քանի դեռ այդ կետին չեն հասել, որևէ «կամ-կամ» որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։