ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է երկրի անվտանգության ապահովման հարցում արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի և մատակարարման շղթաների կարևորության մասին։ Նա շեշտել է, որ Հայաստանը պետք է դառնա գլոբալ առևտրի անբաժանելի մասը, ինչի վրա էլ հիմնված է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
«Փոխկապվածությունը արտաքին աշխարհի հետ արտաքին անվտանգության ապահովման հաջորդ գործիքն է։ Այս գործոնը թույլ է տալիս, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որ նրա անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնան բազմաթիվ այլ՝ այդ թվում հարևան երկրների համար»,- նշել է Փաշինյանը։
Որպես օրինակ վարչապետը նկարագրել է, թե ինչպես կարող է Հայաստանով անցնող ապրանքների ընդհատումը ազդել այլ երկրների ներքաղաքական կյանքի վրա.
«Եթե Հայաստանով ապրանք է անցնում և հասնում է այդ սուպերմարկետ, և երբ հանկարծ ինչ-որ բան է տեղի ունենում, ու այդ սուպերմարկետում ապրանքը պակասում է, այդ երկրի քաղաքացին սկսում է դժգոհել իր երկրի իշխանությունից։ Այդ ներքաղաքական ճնշումը ստիպում է խոշոր երկրների ղեկավարներին հոգ տանել այդ հաղորդակցության ուղիների անվտանգության համար... Իսկ եթե մի երկրի տարածքով ոչ մի ապրանք ոչ գնում է, ոչ գալիս, այդ երկրի հետ ինչ էլ տեղի ունենա՝ որևէ մեկը դա չի նկատելու»։
Ըստ Փաշինյանի՝ նպատակն այն է, որ Հայաստանով հոսեն գլոբալ նշանակություն ունեցող ապրանքներ, որպեսզի այլ պետությունները «դողան Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա»՝ մատակարարումների շղթայի խափանում թույլ չտալու համար. «Սա է անվտանգության ապահովման հաջորդ կարևորագույն գործոնը, որը մենք անվանում ենք փոխկապվածություն»,- եզրափակել է նա: