ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հավասարակշռված արտաքին քաղաքականությունն ապացուցել է իր արդյունավետությունը՝ թույլ տալով կայունացնել երկրի արտաքին քաղաքական միջավայրը։ Այս համատեքստում նա առանձնացրել է տարածաշրջանացման կարևորությունը և հարաբերությունների զարգացումը Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
«Դրա առանցքային նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է»,- ընդգծել է վարչապետը:
Ըստ նրա՝ կոմունիկացիաների ապաշրջափակումը, «Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչումը և Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը ոչ միայն կամրապնդեն խաղաղությունը տարածաշրջանում, այլև այն կվերածեն Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կապի կարևոր հանգույցի:
Տարածաշրջանացման գործում Փաշինյանը կարևորել է նաև «3+3» ձևաչափի զարգացումը:
«Այս ձևաչափում Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությունն այն կարևոր է դարձնում նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների կառուցողական տրանսֆորմացիայի համար»,- նշել է նա։
Վարչապետը հավելել է նաև, որ 2026-2031 թվականներին նոր ակտիվություն է հաղորդվելու դիվանագիտական հարաբերություններին Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։