Շաբաթվա սկզբում (29 մարտի) խորհրդարանում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հիշեցրեց, որ Արցախյան երկրորդ պատերազմին նախորդել էին նախ՝ 2020 թվականի ապրիլին հակամարտությունը բացառապես խաղաղ կարգավորելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, ինչից դժգոհ էր պաշտոնական Բաքուն, իսկ ապա նաև Տավուշում հուլիսյան սրացումը, որը, ըստ էության, չարժանացավ միջնորդների կոշտ գնահատականին։
Արդյունքում՝ Ադրբեջանը և նրան սատարող պետություններն ու ուժերը որոշեցին, որ Արցախի նկատմամբ նոր ագրեսիան նույնպես անարձագանք կմնա և սեպտեմբերի 27-ին սանձազերծեցին նոր պատերազմ։
Արա Այվազյան (ՀՀ արտգործնախարար) - Ադրբեջանը նախ՝ ուժ կիրառեց Տավուշի շրջանի սահմանամերձ հատվածում անցած տարվա հուլիսի կեսերին, ապա սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների օգնությամբ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիա, որը տապալեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով անցկացվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղ գործընթացը, խաթարեց տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը
Անվտանգության և կայունության վերականգնում դժվար է պատկերացնել, քանի դեռ Արցախյան հակամարտությունը լուծում չունի, քաղաքական լուծումը կարող է լինել միայն ու բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման դեպքում, իսկ այդ իրավունքի ապահովման համար անհրաժեշտ է լիարժեք վերականգնել Մինսկի խմբի ձեւաչափում աշխատանքները: Սա նույնպես պաշտոնական Երևանի տեսակետն է, որը, ճիշտ է, վերջին շրջանում ձեռք է բերել նոր շեշտադրում՝ Մինսկի խումբը պիտի լինի ուժեղ:
Արա Այվազյան - Տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով մի շրջան, որն առավել հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության մեջ շահագրգռված գործընկերների հետ գործակցության ամրապնդումը: Միաժամանակ, դրանք ցույց տվեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա:
Թե ինչպիսի՞ն կլինեն բանակցային նոր պայմանները, դեռ հայտնի չէ, քանի որ ինչպես Հայաստանի արտգործնախարարի այս ելույթից առաջ, այնպես էլ դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններից առնվազն երկուսից արձագանք դեռ չկա:
Ճիշտ է, Արա Այվազյանը վստահեցնում է՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը միջազգային հանրության շրջանում փոխել է հակամարտության ընկալումը: Եթե նախկինում որոշ շրջանակներ կարծում էին, թե արցախյան խնդիրը տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա վերջին պատերազմը ցույց տվեց, որ Արցախի անկախությունը ցեղասպանությունը կանխարգելելու միակ հնարավոր ճանապարհն է:
Արա Այվազյան - Հիմա տարբեր միջազգային կառույցներ, երկրներ ականատես են լինում, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափություն, ինչպես է մեր պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվում, կեղծվում, բնաջնջվում, ինչպես են անմարդկային վերաբերմունքի ենթարկվում մեր գերեվարված քաղաքացիները: Գնալով հասունանում է համոզմունքը, որ Արցախը չի կարող լինի Ադրբեջանի կազմում: Եթե այն լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ Արցախը առանց հայության: Կարծում եմ՝ գնալով այդ իրականությունն ամրագրվում է միջազգային հանրության մոտ
Մինչ միջազգային հանրությունը փորձում է հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում տարածաշրջանում և թե ի՞նչ իրական ռիսկեր կան՝ կապված Արցախյան հակամարտության չկարգավորված լինելու հետ, երկու օր առաջ Մոսկվայում տեղի ունեցավ Արա Այվազյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը:
Հասկանալի է, որ հանդիպման առանցքում, ինչպես և նշված է պաշտոնական հաղորդագրության տեքստում, քննարկման թեման եղել է հայ ռազմագերիներին վերադարձնելու խնդիրը, ինչպես նաև մշակութային ցեղասպանությունը, որն իրականացնում է Ադրբեջանը Արցախի բռնագրավված տարածքներում: