«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին՝ տեղեկացրել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:
Լրագրողների հետ զրույցում նա հույս հայտնեց, որ արտահերթ ընտրությունների օրը հայտարարելուց հետո գնալով կթուլանա քաղաքական լարվածությունը:
«Վաղ թե ուշ՝ հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն ընտրություններին, այդ թվում նրանք, որ բացառում էին այս իշխանությունների օրոք կազմակերպված ընտրություններին: Տեսնում եք, որ նրանք քայլ առ քայլ ասում են, որ կմասնակցեն: Քաղաքականություն է»,- ասաց Մարուքյանը: Նրա խոսքով՝ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն է ստեղծվել: «Ինչո՞ւ չպետք է ընդդիմադիր ուժը չմասնակցի»,- ասաց Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը նշեց, որ արդար ընտրություններ անցկացնելու հարցում ունեն մտահոգություններ, բայց դրանք հիփոթետիկ են: «Մենք էլ պետք է հսկենք, որ արդար անցկացվեն»,- ասաց նա: