Մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը: Գրանցվել է 84 պատգամավոր:
Հիշեցնենք՝ «Իմ քայլի» պատգամավորների առաջարկած նիստի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց, որ ներկայացված նախագծերը հաջորդ շաբաթ կայանալիք ԱԺ հերթական նիստի փոխարեն արտահերթ նիստում են քննարկվում, քանի որ ցանկացել են կարգավորումներն ուժի մեջ մտնեն հնարավորինս շուտ: «Սրանք այն նախագծերից են, որ ենթադրում են որոշակի փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտերի ընդունում: Մենք հասկանում ենք, որ դրանք շուտ չեն ընդունվում: Հրատապությունը պայմանավորված է այս կարգավորումները հնարավորինս շուտ նախատեսելով, որ կարողանանք դատաիրավական բարեփոխումների առումով որոշաի սինխրոնացում ունենանք»,- ասաց նա: