Թե ինչ մասնակցություն է ունեցել հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտին՝ ուսումնասիրել են հայ և ռուս պատմաբանները:
Երկու տասնյակի հասնող հետազոտություններն այսօր ներկայացվել են Մանկավարժական համալսարանում կազմակերպված միջազգային գիտաժողովում:
Թեման հետազոտող գիտնականները տարբեր կողմերից են ներկայացրել իրենց ուսումնասիրությունները՝ հայուհիների մասնակցություն, կրթամշակութային կյանք, թիկունք, Սփյուռք:
Շուրջ 600 հազար հայ է կռվել Երկրորդ աշխարհամարտում: Կազմավորվել է հայկական 6 դիվիզիա, 103 հայ արժանացել է հերոսի կոչման: Նրանք պատերազմի ընթացքում ստանձնել են բարձր և շատ պատասխանատու պաշտոններ:
«Բազմաթիվ զորամիավորումներում նույնպես հայերը շատ ու շատ որոշակի մաս էին կազմում: Հարավային Կովկասի ոչ մի ժողովուրդ չի տվել հինգ մարշալ, ի դեպ, բոլորը՝ ղարաբաղյան արմատներով: Շուշիից էր Հարավային Կովկասի միակ՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսը՝ Նելսոն Ստեփանյանը: Բրեստի նշանավոր պաշտպանության մարտերում առաջին հակագրոհը ողջ Հայրենական պատերազմի ժամանակ ղեկավարել է Սամվել Մաթևոսյանը»,- ասել է ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
«Քաղաքական տեսանկյունից ակնհայտ է, որ եթե չես ըմբռնել պատմության դասերը, չես կարող հասնել Երկիր մոլորակի վրա խաղաղության պահպանման: Հայաստանում, ինչպես Ռուսաստանում, պատերազմի մասին հիշողությունները մեր հայրերի, պապերի սխրանքները պահպանվում են շատ խնամքով: Սա շատ կարևոր է, և սա երաշխիքներից մեկն է, որ մեր երկրները կարող են հաղթահարել բոլոր մարտահրավերները՝ ապահովելով արժանապատիվ ապագա մեր երեխաների ու թոռների համար»,- նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: