Ռուսաստանը հակաքայլեր կձեռնարկի այն երկրների նկատմամբ, որոնք կչեղարկեն իրենց տարածքում միջուկային զենքի տեղակայման արգելքը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լիտվայի ու Ֆինլանդիայի կողմից այդ հարցի քննարկումը:
«Նման որոշում կայացնող երկրների սպասումներին հակառակ՝ դա չի ավելացնի նրանց անվտանգությունը։ Ընդհակառակը, այն զգալիորեն կբարձրացնի նրանց համար վտանգի մակարդակը, քանի որ նման երկրների դեմ կձեռնարկվեն հակաքայլեր, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր շահերը»,- ասել է նա՝ մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ Լիտվայի Սեյմում օրինագիծ է ներկայացվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքը Սահմանադրությունից բացառելու մասին:
Հունիսի կեսերին Ֆինլանդիայի խորհրդարանը համաձայնել է թույլատրել երկրում միջուկային զենքի տեղակայումը։ Լիտվայի Սեյմն էլ ձեռնամուխ է եղել Սահմանադրությունից այդ զենքի տեղակայման արգելքը բացառելու մասին օրինագծի քննարկմանը: Երկրի Հիմնական օրենքի փոփոխության համար անհրաժեշտ է, որ 141 պատգամավորից առնվազն 94-ը երեք ամիս ընդմիջումով երկու անգամ կողմ քվեարկեն այդ փոփոխությանը:
Ավելի վաղ Լիտվայի Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին հայտարարել էին վարչապետ Ինգա Ռուգինիենեն և պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը: Այս հարցի քննարկմանն աջակցելու մասին հայտարարել է նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։