ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստառադիոյին, որի ժամանակ հարց է հնչել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին: Իրանը սահմանակից է ղարաբաղյան հակամարտությանը ներգրավված երկու երկրների հետ, և այդ երկու երկրների անվտանգությունը կապված է Իրանի անվտանգության հետ: Հակամարտության թեժ պահին Իրանը ներկայացրել է իր խաղաղ ծրագիրը, որը հիմնված է հաջողված «Աստանայի ձևաչափի» վրա, և մեկ ամիս սպասել է: Այն հարցին, թե ինչո՛ւ այս ծրագրին մեծ ուշադրություն չի դարձվել, ՌԴ արտգործնախարարը պատասխանել է.
«Այս հարցի պատասխանը իրողությունների հարթությունում է: Մենք ասել ենք, որ «Աստանայի ձևաչափը» հակամարտությունները կարգավորելու լավ օրինակ է, սակայն, պարտադիր նկատի չունենք, որ միայն երեք երկրները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, պետք է կարգավորեն մեր տարածաշրջանային բոլոր հակամարտությունները: Լեռնային Ղարաբաղի դեպքում մենք ձգտել ենք վերջ դնել արյունահեղությանը: Հակամարտության կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, իրենց շահագրգռվածությունն են հայտնել դա անել ՌԴ-ի միջնորդությամբ: Այստեղ «հետին» միտք չկա»:
Լավրովը նշել է, որ ՌԴ արտգործնախարարի պաշտոնում իր ղեկավարման տարիներին իրանցի պաշտոնակցի հետ բազմաթիվ շփումների ժամանակ չի մտաբերում, որ Լեռնային Ղարաբաղի թեման հետաքրքրություն առաջացնի և հնչի խորհրդակցությունների կամ բանակցությունների ժամանակ:
«Դա չի նշանակում, որ մենք Իրանի շահերն անտեսում ենք: Իրանի մտահոգությունն ըմբռնում ենք այնպես, թե Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն ինչպես կանդրադառնան Իրանի տարանցիկ շահերի վրա, հատկապես որ, այդ տարանցիկ շահերը սրվում են այն իրավիճակում, երբ ամերիկացիները շարունակում են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Անհնար է հրաժարվել գլխավոր սկզբունքից, որը հաստատել են բոլորը երկար տարիների ընթացքում՝ հակամարտության արդյունքը պետք է լինի հարաբերությունների կարգավորումն ամբողջ տարածաշրջանում»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Սերգեյ Լավրովը նշել է. «Այժմ անհրաժեշտ է մտածել ոչ թե այն մասին, թե ով երբ է հասցրել կամ չի հասցրել օգնել կարգավորմանը: Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ ձևաչափն ընտրել են Հայաստանն ու Ադրբեջանը: Հենց դրանով էր պայմանավորված հայտարարության մասնակիցների կազմը: Ոչ մի փորձ չի եղել և չէր կարող լինել դա անել Իրանի կամ Թուրքիայի հաշվին: Այժմ կարևոր է մտածել այն մասին, թե ինչպես ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հասցնել մինչև վերջ և հակամարտության տարածաշրջանից վերածել համակեցության տարածաշրջանի, իսկ ավելի լավ կլինի՝ բարիդրացիական ու համագործակցության տարածաշրջանի»: