Դուք և ոչ միայն դուք նպատակաուղղված և համակարգված կերպով քանդում եք խաղաղության ճարտարապետությունը: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 6-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության դիրքորոշմանը, թե խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը պետք է վերաբանակցել:
«Դուք ասում եք, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, դեռևս կարող է վերաբանակցվել: Դուք ասում եք, որ Հայաստանը չի բավարարվելու տարածքային ամբողջականությամբ: Դուք ասում եք, որ ՀՀ-ն չպետք է ունենա սահմանազատված սահման: Ասում եք, որ պիտի գնաք ու պայքարեք Ղարաբաղի հայերի վերադարձի ու իրավունքի համար, որ մինչև վերջ գնալու եք և այլն...
Այսինքն՝ դուք սեղանին եք դնում հայտարարությունների ու մոտեցումների մի փաթեթ, որն ամբողջությամբ կազմաքանդում է խաղաղության ճարտարապետությունը, ու մե՞նք ենք շանտաժ անում: Դուք տեղով շանտաժ եք»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով խորհրդարանական ընդդիմությանը: