Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջության ընդունվել են մի շարք նախագծեր:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է Արտաքին հետախուզության գործունեությանն առնչվող նախագիծ, որով առաջարկվում է զենքի ու հատուկ միջոցների կարգը սահմանելու իրավական հիմք նախատեսել, այն է, թե որ դեպքերում ու ինչ կարգով ծառայողը զենք ու հատուկ միջոցներ կիրառելու իրավունք կունենա: Կսահմանվի նաև պահանջ, ըստ որի՝ ծառայության պետի և տեղակալի պաշտոնում կարող են նշանակվել միայն ՀՀ քաղաքացիներ: Այս պահի դրությամբ երկքաղաքացիները ևս կարող են նշանակվել: Այն ընդունվեց 67 կողմ և 13 դեմ ձայներով:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որով առաջարկում է օրենքով պարտադիր պահանջ սահմանել, որ բոլոր օնլայն կազինոներն իրենց կայքերի ու հավելվածների տեսանելի վայրում ունենան ինքնաարգելափակման կոճակ, որը սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունն օնլայն կազինոներին 5 տարի ժամկետով՝ առանց վաղաժամ վերաբացման հնարավորության: 5 տարվա ժամկետի ավարտից հետո արգելափակումը կրկին կերկարացվի նույն ժամկետով, եթե ժամկետի լրանալուց 5 օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի արգելափակումը հանելու վերաբերյալ: Խաղերին մասնակցությունը կարգելվի նաև այն անձանց, որոնց եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է: Այն ընդունվեց 86 կողմ և 0 դեմ ձայներով:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերից է ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի՝ ոստիկանության ծառայողները բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով կարողանան օգտվել մատչելի ու արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:
Երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվել է ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է տարանջատել «բժշկական կազմակերպություն» և «առողջապահական կազմակերպություն» հասկացությունները: Վերանայվել են առողջապահական ծառայություն ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները: