Սիրելի դաշնակցական գործընկերներ, դուք պատճառահետևանքային կապ հասկացության իմաստը հասկանո՞ւմ եք: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Հայտարարվում է վարչապետի անունից հստակ, տրամաբանական բան, ասում է՝ էն խաղաղությունը, որի շնորհիվ երկու տարի երկու ամիս մեր սահմաններին զոհ չկա, այդ խաղաղության ճարտարապետությունը կազմված է հետևյալից՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատման սկզբունք՝ Ալմա Աթայի հռչակագիրը որպես հիմք, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում, սրա շրջանակներում կա նաև հայ-ամերիկյան նախագիծ, որը կոչվում է ԹՐԻՓՓ: Հիմա դուք, ձեր ուժը այս բոլոր կոմպոնենտները վիճարկում են:
Դուք ասում եք՝ Հայաստանը չի կարող սահմանափակվել 29743 հազար կմ քառակուսու մեջ: Ո՞վ է ասել: Ռոբերտ Քոչարյանը՝ ձեր դաշինքի առաջնորդը: Դուք ասում եք՝ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ: Ո՞վ է ասել՝ Արծվիկ Մինասյանն ինձ հետ բանավեճի ընթացքում:
Մենք ասում ենք՝ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու, դուք ասում եք՝ շարունակելու ենք: Պետք չի լինել հանճար՝ հասկանալու համար, որ եթե Հայաստաննն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք էն, ինչ դուք ասում եք, դա բերելու է պատերազմի: Դրա համար տեղեկություն պետք չի: Դա կոչվում է վերլուծություն, պատճառահետևանքային կապերի վերհանում և դրա հիման վրա ապագայի պրոյեկտում, ունակություն, որից դուք զուրկ եք»,- խոսքը եզրափակեց Ռուբինյանը՝ դիմելով դահլիճում ներկա ընդդիմադիրներին: