Ասում էիք՝ էն տարածքներով է Ադրբեջանը առաջ եկել, որը Հայաստանի բանակի պատասխանատվության տա՞կ է, հղում եք անում ձեր խմբակցության ղեկավարի խոսքերի՞ն, բա ձեր խմբակցության ղեկավարը («Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան - խմբ.) ինչի՞ չի ասում, որ կոնկրետ էդ տարածքներով, Ջաբրայիլի ուղղության մասին է, իր տղան էդ գծում ի՞նչ պատասխանատվություն է ունեցել: Այս խոսքերով արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ընդդիմադիր գործընկերների մեղադրանքներին:
«Էդ ի՞նչ տանկային գունդ է եղել, որի հրամանատարն իր տղան է եղել, որ շատ կասկածելի մի ժամանակահատվածում ինչ-որ տարօրինակ վիրավորում է ստացել ու գնացել է՝ թողնելով իր զորքը: Ինչի՞ չի պատմում ձեր խմբակցության ղեկավարը:
Պարոն Խաչատրյանն (Արթուր Խաչատրյան - խմբ.) ասում է` անցյալի հետագիծը պրոյեկտենք ապագայի վրա, բա պրոյեկտենք: Եկել ասել ենք՝ պետք է նշաձողը իջեցնել, որպեսզի հայերը կարողանան մնալ Ղարաբաղում, կանգնել ասել եք՝ թուրք, դավաճան, ասում էինք՝ գնացեք Սոֆիա բանակցությունների Ղարաբաղի իշխանություններին, դուք ու ձեր թիմը ամեն ինչ արել եք, որ չգնան Սոֆիա: Ասել եք՝ Սոֆիա գնացողը թուրք է, դավաճան է: Ամեն ինչ արել եք, որպեսզի կարողանաք Ղարաբաղի հայերին բերել էստեղ՝ ցույցի մատերիալ սարքելու:
Ասել ենք՝ եկեք դեմարկացիա ու դելիմիտացիա անենք Ադրբեջանի հետ, գնացել միտինգ էիք անում՝ թե սա կործանում է, այսինքն՝ ձեր անցյալի հետագիծը նայելով ստացվում է ի՞նչ: Գալու եք ասելու եք, որ այս տարածքների դեմարկացիան ու դելիմիտացիան չարիք է, պետք է կանգնեցնեք, պետք է Ղարաբաղը հետ բերել ու ուրիշների որդիների կյանքի գնով գնալու եք Ղարաբաղը հետ բերելու գործընթացին, բայց ուրիշների՛ որդիների, որովհետև ձեր խմբակցության ղեկավարի տղեն գնալու է ու ինչ-որ հետաքրքիր պահի տարօրինակ վիրավորում ստանա: Ձերոնցից ոչ մեկի որդիները էդ պատերազմում չեն կռվել, ձեր առաջնորդի թոռներն էլ ոնց Ամերիկայում են ծնվել, տենց էլ ծնվելու են»,- հայտարարեց պատգամավորը՝ դիմելով դահլիճում ներկա սակավաթիվ ընդդիմադիրներին: