Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ օրենքի նախագծով մասնավորապես առաջարկվում է նախատեսել հնարավորություն, որ ոստիկանության բոլոր ծառայողները կարողանան բնակարան կամ բնակելի տուն կառուցելու կամ ձեռք բերելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից, իսկ դրանից օգտվելու կարգը և պայմանները կսահմանի Կառավարությունը:
«Ըստ էության, նախագծի նպատակը ոստիկանության համակարգի կադրային կայունության ապահովումն է, հատկապես երբ հակակոռուպցիոն քաղաքականության նկատառումներից ելնելով ոստիկանության ծառայողները նշանակվում են հաճախ իրենց բնակության վայրից որոշակի հեռավորության վայրերում: Այս տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում, որ ոստիկանության ծառայողներն ապահովվեն կենսական անհրաժեշտ պայմաններով, ուստի առաջարկվում է պետության կողմից նախատեսել համապատասխան սոցիալական երաշխիք, որը կբարձրացնի ոստիկանության ծառայության գրավչությունը, և ծառայողները կձգտեն շարունակել ծառայությունը, այդ թվում՝ հեռավոր մարզերում՝ պատկերացնելով իրենց հետագա աշխատանքը և կենսագործունեությունը»,- ասաց Մկրտչյանը:
Հարակից զեկուցող, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի ոստիկանության ծառայողներին արտոնություններ շնորհելով, գրավչությունը բարելավելով կադրային քաղաքականության ավելի ճկուն դրսևորումներ ունենալու տեսանկյունից:
Նա խնդրեց կողմ քվեարկել նախաձեռնությանը: