Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին» օրինագիծը:
Հարցին՝ եթե նախագծով սահմանվում է՝ մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները պետք է վճարեն այդ հարկերը, ինչո՞ւ է կառավարությանը նորից վերապահվում ի լրումն ցանկի դրանց քանակն ընդլայնել, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը պարզաբանումներ ներկայացրեց:
Նա նշեց, որ օրենքով ամրագրում են ընկերությունների կարգավիճակը, սակայն, բնապահպանական հարկ վճարող այլ ընկերություններ նույնպես կարող են համալրել այդ ցանկը:
Փոխնախարարն ընդգծեց․ «Մենք ի լրումն մետաղական հանքարդյունաբերող ընկերություններին ենք տալիս իրավասություն՝ կառավարության համար սահմանելու այդ ցանկը։ Մենք չենք սահմանափակվում միայն մետաղականով, քանի որ այսօր օրենքում էլ գրված են ընկերություններ, անուններ, որոնք միայն մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններ չեն։ Մենք սահմանփակում ենք միայն մետաղականով, որովհետև բնապահպանական հարկ վճարում են ոչ միայն միայն մետաղական, այլ ընդհանրապես հանքարդյունահանողները, այլ ընկերություններ նույնպես»։
Պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մյուս հարցին, թե ինչու պետք է կառավարությունը սահմանի համայնքներին արվող մասհանումները, փոխնախարարը պարզաբանեց, որ խոսքը գումարների բաշխման մասին է։ «Եթե խոսքը մի քանի ազդակիր համայնքների առկայության մասին է, ապա համապատասխան կարգ պետք է լինի, թե ինչպես է հասանելի գումարը բաշխվում»։ Նա ընդգծեց, որ օրենքով գրված է լինելու, որ համապատասխան նպատակային ծրագրի դեպքում համայնքին հատկացումը հասանելի է լինելու։
Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվող օրենսդրական նախագծով առաջարկվում է մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների բնապահպանական հարկերից համայնքներին նպատակային ծրագրերի համար հատկացումներ անել։