Մետաղական հանքարդյունահանող ընկերությունների բոլոր բնապահպանական հարկերից նպատակային ծրագրերի համար մասհանումներ կհատկացվեն համայնքներին՝ ԱԺ-ում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին» օրենսդրական փոփոխությունների նախագիծը։
Փոխնախարար Լիլյա Շուշանյանի խոսքով՝ օրինագծի նպատակը ընկերությունների կողմից կատարված բնապահպանական հարկերից համայնքներին նպատակային ծրագրերի համար մասհանումներ հատկացնելն է։
«Մեզ համար անընդունելի է օրենքի մակարդակով ֆիքսել ընկերությունների անվանումներ, որոնք պետք է հատկացումներ անեն: Մեր առաջարկությամբ նախագծով փորձում ենք արդեն իսկ կարգավիճակ ֆիքսել։ Եթե կան մի քանի մետաղական հանքարդյունաբերական ընկերություններ, ապա այդ անվանումները հանում ենք օրենքի տեքստից և նրանց համար սահմանում ենք կարգավիճակ»,- ասաց Շուշանյանը։
Օրինագծով առաջարկվում է, որ Կառավարությունը սահմանի չափորոշիչներ, որով էլ լիազոր մարմինը կներկայացնի ընկերությունների ցանկը՝ օրենքով սահմանված կարգավիճակին համապատասխան։ Արդյունքում կլինեն ավելի ընդլայնված ընկերություններ ու շահառու կլինեն ավելի շատ ազդակիր համայնքներ։
«2018 թվականի Հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո պարզ դարձավ, որ տեխնիկապես հնարավոր չէ պրակտիկորեն մասհանումների հաշվարկը անել և փոխանցել։ Օրենքով սահմանված էր, որ մասհանումներ պետք է հատկացվեին փաստացի կատարված վճարումներից, որը հնարավոր չէր միասնական հաշվի դեպքում տարանջատել։ Առաջարկվում է, որ այդ հաշվարկները կատարվեն ոչ թե փաստացի վճարվածներից, այլ ընդհանուր հաշվարկված գումարների հանրագումարից»,-ներկայացրեց Շուշանյանը։
Համայնքների ղեկավարներն էլ, ըստ փոխնախարարի, նախապես պետք է համայնքային կայքերում ներկայացնեն իրենց ծրագրերը, հետագայում նաև՝ հաշվետվությունները։