Թրամփի վարչակազմի նկատմամբ զայրույթի առաջացման պատճառն այն է, որ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել էր ցեղասպանություն եզրույթը կիրառելուց: Ինչո՞ւ է Հայոց ցեղասպանության թեման բազմաթիվ վեճերի պատճառ դառնում Վաշինգտոնում: Ինչո՞ւ բոլոր նախագահները խուսափում են իրերն իրենց անուներով կոչելուց: Թեմային անդրադարձել է Washington Examiner պարբերականի հոդվածագիր Թոմ Ռոգանը:
Այս թեման հայտնվել է պատմական տառապանքներ վերապրածների սերունդների ու ժամանակակից քաղաքական գործիչների խաչմերուկում: Հոդվածագիրը նշում է, որ անկախ այն բանից, թե երևույթն ինչպես է կոչվում, դրա հետևանքով մահացել է ավելի քան մեկ միլիոն մարդ, և այդ մարդկանց մահը պատահականություն չի եղել, որն իրականացրել է Օսմանյան կայսրությունը:
Washington Examiner-ը կարճ հիշեցրել է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած եղելության՝ մարդկության պատմության մութ էջերից մեկի մասին: Հոդվածի հեղինակը նշել է, որ Օսմանյան կայսրության սերուցքը հայերին մշտապես համարել է երկրորդ կարգի ու որոշել, որ հայերի հարցը պետք է լուծի: Օսմանյան կայսրության որոշման համաձայն՝ հայերը քշվել են սիրիական անապատներ, որտեղ մահացել են սովից, խեղդվել են Սև ծովում կամ պարզապես սպանվել են:
Առաջին խնդիրն այստեղ այն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «ցեղասպանություն» եզրույթ չի եղել, ինչը նշանակում է «ցեղի, ռասայի ոչնչացում»: Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիան մերժում է կայսրության կողմից հայերի միտումնավոր ու գիտակցաբար սպանությունները:
Դա էլ լուրջ վեճերի ու տարաձայնությունների առիթ է դարձել Վաշինգտոնում: ԱՄՆ նախագահ Թրամփը մտավախություն ուներ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով կվանի Թուրքիայի կառավարությանը՝ ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակցին: Թուրքիայի նախագահն արդեն հասցրել էր Միացյալ նահանգներին սպառնալ թուրքական ռազմաբազաների օգտագործումն արգելելով: Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունների սրման պատճառով Թրամփը, հավանաբար, որոշել է, որ չի կարող իրեն թույլ տալ փչացնել հարաբերություններն Անկարայի հետ: