«Արտադրողականության խթանման նպատակային ծրագրում»՝ գործիքակազմի արդիականացման և դրա արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված, առաջարկվում է լավարկումներ իրականացնել: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրել հնարավորություն գործող վարկային կամ լիզինգային պարտավորությունը մեկ անգամ մեկ ֆինանսական կազմակերպությունից այլ ֆինանսական կազմակերպություն տեղափոխել վերաֆինանսավորման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 21-ի նիստին ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Պարտավորության տեղափոխման դեպքում պետական սուբսիդավորումը շարունակվում է սույն ծրագրով սահմանված պայմաններով՝ առանց սուբսիդավորման ընդհանուր ժամկետի երկարաձգման:
«Օրինակ՝ որևէ կազմակերպություն որևէ բանկից վերցրել է վարկ կամ լիզինգ, պայմանական, 12 տոկոսով, որից 8 տոկոսային կետը մենք ենք փոխանցում, բայց եթե ֆինանսական որևէ այլ կազմակերպություն կառաջարկի 10 տոկոսով, էլի մենք մեր 8 տոկոսը կփոխհատուցենք, ինքը կտեղափոխի 12 տոկոսանոց վարկը 10-ի և կվճարի արդեն 2 տոկոսը, նախորդ դեպքում 4 էր վճարելու: Սա լավարկող, նաև մրցակցությունը ավելացնող առաջարկ է»,- ասաց նա:
Առաջարկվում է նաև սուբսիդավորել զբոսաշրջության մասին օրենքով սահմանված հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով ՀՀ մարզերում իրականացվող կապիտալ շինարարությունը ԱԱՀ վճարող կապալառու կազմակերպության ներգրավմամբ, բայց պայմանով, որ ներդրումային նախագիծը համապատասխանում է գործող օրենքին և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության առաջնահերթություններին:
«Նշված ուղղության համար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ժամկետը սահմանվում է մինչև 36 ամիս, իսկ սուբսիդավորման չափը դրամով վարկերի դեպքում նախատեսվել է 8, արտարժույթով վարկերի դեպքում՝ 6 տոկոսային կետով»,- ասաց նախարարը:
Առաջարկվում է նաև սուբսիդավորման նոր ուղղություն, որը վերաբերում է թափոնների մշակմանը և ոչնչացմանը, նյութերի մշակմանը: Առաջարկվող ուղղության սուբսիդավորման չափը դրամով վարկերի դեպքում կսահմանվի 6 տոկոս, լիզինգի դեպքում՝ 8, իսկ արտաժույթով վարկի դեպքում՝ 4 տոկոս, լիզինգի դեպքում՝ 6 տոկոս:
«Վերջինիս շրջանակում առաջարկվում է դադարեցնել կնքվելիք արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության համար նախատեսված համակարգերի ձեռքբերման ուղղությամբ սուբսիդավորումը»,- ասաց նա՝ հավալելով, որ սա ՏԿԵՆ գործընկերների առաջարկով է, և որ գործող պայմանագրերի մասով ստանձնած պարտավորություննրը շարունակվելու են կատարվել սահմանված կարգով:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով վարկերի՝ բանկից բանկ տեղափոխման գործընթացին, ընդգծեց՝ պետք է վարկի անցման գործընթացը մոնիտորինգի ենթարկել, որպեսզի վարկի տեղափոխման դեպքում այն նպատակային կետից չշեղվի: