Առաջարկվում է սահմանել «ծնողական ժամ» հասկացությունը, ըստ որի՝ մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խոր կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից, այն է՝ բացակայելու աշխատանքից աշխատավարձի պահպանմամբ: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 21-ի նիստին ասաց ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը:
«Մինչև 2 երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը տրամադրվելու է օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ, 3 և ավելի երեխա ունեցող ծնողին, առավելագույնը՝ 1 ժամ տևողությամբ: Իսկ մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին, օրական առավալագույնը 1 ժամ՝ անկախ երեխաների թվից»,- ասաց նախարարի տեղակալը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց՝ որոշման նախագիծը դեռ պետք է գնա ԱԺ, ուստի պետք չէ այժմ դուրս գալ և գնալ՝ երեխաներին պահելու: Նաև նշվեց, որ օրենքը տարածվում է և՛ պետական, և՛ մասնավոր հատվածների վրա:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ճշտեց՝ ժամաքանակը կուտակելու և հետո օգտագործելու հնարավորություն կա՞, եթե, օրինակ, 5 օր կուտակի, 1 օր շուտ գնա, նախարարի տեղակալն արձագանքեց՝ կուտակային մեխանիզմ նախատեսված չէ:
Նաև նշվեց, որ որոշման նախագիծը վերաբերում է երկու ծնողներին հավասարապես:
Այս համատեքստում նախարարի տեղակալը նաև հիշեցրեց՝ կուտակային տրամաբանությամբ աշխատանքային օրենսգրքում կա մեկ այլ հոդված, որը նախատեսում է մինչև 2 տարեկան երեխա ունեցող, բայց խնամքից վերադարձած մայրերին թույլատրեն ևս 1 ժամ ավելի պակաս աշխատել: Կուտակային տրամաբանությունը, ըստ Սմբատյանի, հենց այս երկու հոդվածների մասով է աշխատելու:
«Օրինակ՝ եթե տվյալ կինն ունենա 3-րդ երեխան, որը լինի մինչև 2 տարեկան, բայց որոշում կայացնի վերադառնալ աշխատանքի, նա մինչև 2 ժամ կարող է բացակայել աշխատանքից»,- ասաց նախարարի տեղակալը: