Չինացի աստղագետները մեր գալակտիկայում նոր սև խոռոչ են հայտնաբերել, որի գոյության փաստն իսկ չի տեղավորվում աստղային էվոլյուցիայի որևէ տեսության շրջանակում. դրա զանգվածն առնվազն երկու անգամ գերազանցում է «առավելագույն թույլատրելի սահմանը»՝ հաղորդում է BBC-ն:
Զարմանալի օբյեկտը, որ կոչվում է LB-1, գտնվում է Երկրից մոտ 15 հազար լուսային տարի հեռավորության վրա և պատկանում է, այսպես կոչված, աստղային զանգվածի սև խոռոչների շարքին: Այլ կերպ ասած՝ սա նախկին զանգվածեղ աստղ է, որ էվոլյուցիայի վերջին փուլում սպառել է իր ջերմային միջուկային վառելիքը, հիշյալ ռեակցիայի ավարտից հետո աստիճանաբար սառել, ինչին հետևել է ներքին ճնշման նվազումն ու գրավիտացիայի ազդեցությամբ՝ սեղմումը:
Քանի որ նպատակային գրավիտացիոն կոլապսի ընթացքում, տեսության համաձայն, աստղը պայթում է և կորցնում իր զանգվածի մեծ մասը, հետևաբար, գոյություն ունեցող հաշվարկների համաձայն, այդպիսի սեղմումից առաջացած սև խոռոչը չի կարող արևից 20 անգամ ավելի ծանր լինել:
LB-1 զանգվածը, սակայն, արևի զանգվածը գերազանցում է մոտ 70 անգամ, և գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչպես է նման բան հնարավոր դարձել:
«Աստղերի էվոլյուցիայի ներկա մոդելների համաձայն՝ նման զանգվածի սև խոռոչներ առհասարակ չպե՛տք է գոյություն չունենան մեր գալակտիկայում: LB-1-ը երկու անգամ ավելին է, քան՝ կարող էինք ենթադրել, և այժմ տեսաբանները պետք է բացատրեն, թե ինչպես է այն ձևավորվել»,- Eurekalert-ի պրոֆեսոր Լյու Ցզիֆենի խոսքն է մեջբերում BBC-ն՝ հավելելով, որ մինչ այս պահը չինացի գիտնականներն ունեն երկու հիմնական տեսություն:
Առաջինն այն է, որ LB-1-ը ձևավորվել է ոչ թե մեկ աստղի գրավիտացիոն կոլապսի արդյունքում, այլ երկու՛ սև խոռոչների միաձուլման արդյունքում, ինչը կարելի է բացատրել գոյություն ունեցող մոդելների շրջանակներում:
Երկրորդ վարկածն այն է, որ աստղի պայթյունից հետո առաջացած նյութի մեծ մասը, չգիտես՝ ինչու, չի ցրվել աստղային քամիների միջոցով՝ ինչպես սովորաբար պատահում է, այլ, նորից ընկնելով աստղի վրա, այն վերածել է նման զանգվածով «աստղային հրեշի»: Տեսականորեն դա հնարավոր է, իհարկե, բայց մինչ օրս աստղագետները երբևէ ականատես չեն եղել նման դեպքի:
Հարկ է նշել, որ LB-1-ն ամենևին էլ մեր գալակտիկայի ամենամեծ սև խոռոչը չէ, սակայն, այն իր դասի ամենազանգվածեղն է:
Սկզբունքորեն, գերզանգվածեղ սև խոռոչները կարող են միլիարդավոր անգամ ավելի ծանր լինել, քան՝ Արևը, բայց դրանք ունեն բոլորովին այլ ձևավորման մեխանիզմ և ժամանակակից պատկերացումներով՝ կազմավորում են բազմաթիվ գալակտիկաների միջուկը (մեր գալակտիկայի միջուկի զանգվածեղ սև խոռոչն, օրինակ, Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող Աղեղնավոր-Ա-ն է, որն Արեգակին ամենամոտ և իր զանգվածով նրան գերազանցող գերզանգվածեղ սև խոռոչ է - խմբ.):