ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը նախ ներկայացրել է կառույցի գործունեության արդյունավետությանն ուղղված քայլերը, կառուցվածքային բարեփոխումները, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներում, ապա անցել քննված քրեական վարույթներին:
2025 թվականի ընթացքում Կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2585 քրեական վարույթ (այդ թվում՝ կրկնակի), որոնցից ավարտվել է 890-ը: Ավարտված վարույթներից 273-ը՝ 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ 617-ը՝ կարճվել: Կարճված վարույթներից 54-ի վարույթը կարճելու որոշումները դատախազի կողմից չեն հաստատվել, իսկ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթներից դատախազը չի հաստատել 8-ի եզրակացությունը: Այսինքն՝ 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 12,9 տոկոսով, ավարտված վարույթների թիվը՝ 4,8 տոկոսով:
2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող: Առանձնացվել է 19 վարույթ և հաղորդման մեջ ներկայացվել:
Կոռուպցիոն հոդվածներով նախաձեռնված վարույթներից 2025 թվականի ընթացքում կարճվել է 565 քրեական վարույթ, որից 433-ը կարճվել է ռեաբիլիտացնող, իսկ 132-ը` ոչ ռեաբիլիտացնող: Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ են կայացվել 547 անձի վերաբերյալ:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով ձերբակալվել է 590 անձ:
Կառույցի ղեկավարը մանրամասնել է նաև հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում իրականացվող մի շարք քայլեր: Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ:
Հարցուպատասխանի ձևաչափում Արթուր Նահապետյանը ներկայացրել է կոռուպցիոն երևույթների վերացմանն ու բացառմանն ուղղված քայլերը, խոսել ապօրինի հարստացմանն ու ապօրինի գույքի ձեռքբերմանը վերաբերող գործերի մասին: Անդրադարձ է եղել իրականացվող վարույթների մասով Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությանը, դատարաններում մեղադրական դատական ակտերի վիճակագրությանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսել է կոռուպցիան ծնող պատճառներից ու տարբերակել դեպքերը: Մի դեպքում անձը կոռուպցիոն քայլերի է դիմում՝ ապօրինի գործողություն իրականացնելու համար, բայց շատ դեպքերում անձինք մտնում են կոռուպցիոն գործընթացների մեջ՝ օրենքով նախատեսված իրենց իրավունքն իրացնելու համար: Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ դա ամենամեծ խնդիրն է: Պատգամավորը հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ քաղաքացին կոռուպցիոն գործարքի մեջ չի մտնում, օրինակ, մասնավորի հետ՝ հեռախոս կամ ավտոմեքենա գնելիս, որովհետև շուկան բաց է ու ազատական: Միևնույն ժամանակ, քաղաքացին կարող է տարիներ շարունակ պետական մարմնից օրենքի շրջանակում ինչ-որ փաստաթղթի սպասել, բայց չստանալ և ստիպված գնալ նման քայլի: «Բյուրոկրատիայի բարդությունը շատ դեպքերում ծնում է կոռուպցիա»,- արձանագրել է պատգամավորն ու փաստել, որ օրինական գործունեության համար պետական աշխատողին լավություն անելու երևույթները պայմանավորված են այն հանգամանքով, որ պետական ծառայողը, հաճախ, իր գործողությունը դիտարկում է լավություն քաղաքացուն, այլ ոչ թե ծառայություն քաղաքացուն: «Եթե այս խնդիրը չենք լուծում, մենք անընդհատ բախվելու ենք նորանոր կոռուպցիոն գործողությունների»,- նշել է հանձնաժողովի նախագահը:
Գերատեսչության ղեկավար Արթուր Նահապետյանն ամփոփիչ ելույթում անդրադարձել է հնչած մտահոգություններին և պարզաբանումներ տվել: