Շարունակվում է «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի «Միմյանցից ոգեշնչված» նախագծի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացման փուլը։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։
«Նախագծի շահառուները կանայք են՝ Հայաստանի տարբեր մարզերից, որոնք վերջին շաբաթներին մասնակցել են բիզնեսի պլանավորման և կառավարման համապարփակ դասընթացներին, ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ բիզնեսը ճիշտ վարելու և շուկայում կայուն դիրք զբաղեցնելու համար։
Ապրիլի 22-ից 254 մասնակիցներից 45-ն արդեն հանդես են եկել հատուկ ձևավորված հանձնաժողովի առջև՝ ներկայացնելով իրենց գործարար ծրագրերը։
Հանձնաժողովի կազմում են.
• Լենա Նազարյան` «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
• Վահագն Թևոսյան` «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
• Թալին Թօփալաքեան` «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն
• Վարդան Ալեքսանյան` «Դիգնիսի» ընկերության տնօրեն
• Վանանդ Կարապետյան` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ տնօրենի տեղակալ
• Արևիկ Մարգարյան` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ռազմավարական ոլորտների վարչության պետ
• Հրաչ Հարությունյան` բիզնեսի զարգացման փորձագետ, խորհրդատու
• Ռաֆիկ Սուվարյան` «Ինգո Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն։
Գործարար ծրագրերի ներկայացման գործընթացին պարբերաբար ներկա են գտնվում նաև անկախ բիզնես փորձագետներ։
Թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու համար հանձնաժողովն առաջին անգամ է լսում մասնակիցներին և գնահատում նրանց նախապես սահմանված 14 չափորոշիչների հիման վրա (ներկայացման որակ, բիզնես ծրագրի հիմնավորվածություն և այլն)։
Հաջողություն մաղթենք մեր բոլոր մասնակիցներին՝ իրենց նպատակների իրականացման ճանապարհին»,- ասվում է հաղորդագրության մեջ։