«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել օրենքում տեղ գտած բացերը, բացահայտված խնդիրներին տալ իրավական կարգավորում և բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր համարվող խնդիրները և ապահովել ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 30-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այն ներկայացրել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը:
Ծառայության պետի տեղեկացմամբ նախագծի նպատակն է օրենքով հստակ կարգավորել ծառայությունում ծառայողին բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի փոխադրելու կամ նշանակելու հարաբերությունները, բացառել օրենքի տարբեր հոդվածների միջև առկա տարընկալումը և ատեստավորման գործընթացի մասով ապահովել հստակություն ու իրավական որոշակիություն:
ԱՀԾ ծառայողներին հատկացվող արձակուրդների շարքում առաջարկվում է ավելացնել նաև հայրության նպատակային արձակուրդի տեսակը, ինչպեսև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ հատկացնել նաև ծառայության տղամարդ ծառայողներին: Միաժամանակ, հաշվի առնելով այլ մարմիններում կիրառվող փորձը և Արտաքին հետախուզության ծառայությունում իրականացվող ծառայությանը բնորոշ առանձնահատկությունները՝ առաջարկվում է ծառայողին հատկացնել 15-25 և 25 ու ավելի տարի ծառայելու դիմաց լրացուցիչ արձակուրդ՝ ծառայությունում երկարատև ստաժի առկայության ու դրան համարժեք հանգստի ժամանակի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Նախատեսվում է հստակեցնել ծառայության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման դեպքերը, սահմանել լիազորող նորմ Արտաքին հետախուզության ծառայության պետի կողմից զենքի և հատուկ միջոցների ցանկը, դրանց հաշվառման, հատկացման, կրման և պահելու կարգը սահմանելու մասին: Միաժամանակ, ձերբակալելու համապատասխան իրավասություն է վերապահվում ծառայությանը, որի նախատեսման իրավական հնարավորությունը բխում է և համահունչ է հետևյալ իրավական ակտերին: Առաջարկվում են նաև այլ կարգավորումներ:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել փաթեթին:
Փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն նախատեսվում է քննարկել հատուկ ընթացակարգով ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: