Կառավարության ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ դիտարկմանը, թե քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նաև երեխաների հետ է հանդիպում: Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք սա քարոզչության մեջ ներգրավել չի՞ նշանակում, նաև երեկ դպրոցներից մեկում հնչել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երգը: Ըստ Փաշինյանի՝ երգը կուսակցությանը չէ, այն ՀՀ-ի մասին է, իսկ ինչ վերաբերում է երեխաների հետ հանդիպմանը, ապա չի կարող որևէ երեխայի արգելել, որպեսզի ցանկության դեպքում գան իրեն տեսնելու:
«Եթե իմ մասնակցությամբ որևէ միջոցառման որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման՝ ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ:
Եթե որևէ պետական պաշտոնյա, վարչական ռեսուրսի ենթարկվելով, գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ, առանց քննարկման, աշխատանքից ազատելու եմ, առավել ևս՝ եթե երեխաների հետ կապված այսպիսի բան պարզվի:
Մյուս կողմից՝ ուզում եմ ասել, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցել միջոցառումների: Երբ երկրի վարչապետն այցելում է մի տեղ, չնայած ես շատ եմ տարբեր տեղեր այցելում, այնուամենայնիվ, դա սովորական և շարքային իրադարձություն չէ, և մարդիկ կան, որոնք ուզում են հաղորդակցվել այդ իրադարձության հետ»,- ասաց նա:
Փաշինյանը նաև ընդգծեց՝ եթե որևէ անձ վարչական ռեսուրսի կիրառմամբ, օրենքով արգելված ձևով փորձի սահմանափակել կամ պարտադրել քաղաքացիների մասնակցությունը՝ հատկապես նախընտրական շրջանում, ապա անկախ նրանից՝ արգելել է մասնակցությունը, թե հարկադրել է մասնակցել, հետևանքները լինելու են նույնը, քանի որ ՀՀ-ն ազատ և ժողովրդավարական պետություն է: