Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքից ազատման արտոնության տրամադրման ընթացակարգերի պարզեցման/հստակեցման և ևս մեկ հեռանկարային ոլորտի խթանման անհրաժեշտությամբ։
Որոշմամբ առաջարկվում է նոր դասակարգչի ավելացում, այն է՝ թափոնների մշակում և ոչնչացում, նյութերի վերականգնում։
Ըստ հիմնավորման՝ Հայաստանում թափոնների վերամշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես բնապահպանական խնդիրների լուծման, այնպես էլ տնտեսական, սոցիալական և առողջապահական տեսանկյունից։ Այսօր երկրի տարբեր շրջաններում կուտակվող մեծ քանակությամբ թափոնները լուրջ սպառնալիք են շրջակա միջավայրի համար։
Դրանք հիմնականում հասնում են բաց աղբավայրեր, որտեղ քայքայվելով արտազատում են վտանգավոր նյութեր։ Վերամշակման շնորհիվ հնարավոր է զգալիորեն նվազեցնել աղտոտումը, պահպանելով բնության ռեսուրսները և նպաստելով երկրորդական հումքի արդյունահանմանը։
Բացի բնապահպանական օգուտներից, թափոնների վերամշակումը կարող է կարևոր դեր ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում։ Այն հնարավորություն է տալիս ստեղծել նոր աշխատատեղեր, խթանել տեղական արտադրությունը և ձևավորել վերամշակված հումքի ներքին շուկա։ Ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել փոփոխել կազմակերպությունների՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքը վերացնելու վերաբերյալ դրույթը, քանի որ հարկային պարտավորություն ունենալու պարագայում վերջիններիս ժամանակ է հարկավոր այն մարելու և 0-ական տեղեկանք ներկայացնելու համար։